Բյուջեում այդ գումարները նախատեսված են եղել, որևէ այլ տեղից փող չենք կտրել. վարչապետը՝ պաշտոնյաների աշխատավարձերն ավելացնելու մասին


Բյուջեում այդ գումարները նախատեսված են եղել, որևէ այլ տեղից փող չենք կտրել. վարչապետը՝ պաշտոնյաների աշխատավարձերն ավելացնելու մասին
Հոկտեմբեր 23 18:14 2019

Պետական պաշտոնյաների պարգևատրումների հետ կապված դեռևս ամիսներ առաջ տեղի ունեցած սկանդալի ժամանակ պաշտպանել եմ դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն,  և այդ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը նախատեսված է եղել բյուջեով, որն ընդունել է Ազգային ժողովը, գրում է Tert.am-ը։

ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչու է նախարարների և փոխնախարարների վարձատրությունը գաղտնի որոշմամբ բարձրացվել, ինչի մասին տեղեկացրել էր «Հետք» պարբերականը։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ այդ որոշմամբ, ըստ էության, վարչապետը շրջանցել է պետական պաշտոնյանների վարձատրության մասին օրենքը և ընդունված սանդղակը և բարձրացրել է 3 սուբյեկտների աշխատավարձը: «Առանց խորհրդարանի, կառավարությունը չի կարող կամ որևէ այլ մարմին պաշտոնայնների աշխատավարձերի սանդղակը փոխել»,- ասաց Մարուքյանը և նշեց, որ դա արվել է գաղտնի: «Ինչո՞ւ է այդպես որոշվել և ինչո՞ւ օրենքր չի վերաբերվել խորհրդարանին»,-ասաց նա: 

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այդ որոշման արդյունքում Էդմոն Մարուքյանի նշած ոչ բոլոր սուբյեկտների աշխատավարձերն է բարձրացել, ոմանցը նույնիսկ իջել է: «Անցած տարի պարգևատրումային սկանդալի արդյունքում արձանագրել ենք, որ որոշակի «դիսպրոպորցիա» կա, և արդյունքում ոմանցը բարձրացել է»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ օրենքը վաղուց, ըստ էության, այդպես չի գործում և այդ սանդղակը վաղուց է խախտվել: «Մենք պրոցեսը արել ենք հրապարակային, ասել եմ, որ եթե նախկինում պարգևատրումային ֆոնդ ունեն մի քանի մարմիններ, մենք հիմա աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար պարգևատրումային ֆոնդ ենք սահմանում և բյուջետային քննարկումներին դրա մասին խոսել ենք և քվեարկել եք: Նաև հայտարարել եմ, որ ԱԱԾ, ոստիկանության այլ մարմիններում այդ պարգևավճարումներով աշխատավարձերը փաստացի բարձրացրել ենք: Որ ասում եք առանց օրենքի փոփոխության՝ ԱԺ-ն ընդունել է բյուջե, որում այս գումարները նախատեսված են եղել, որևէ ուրիշ տեղից փող չենք կտրել ու  աշխատավարձերը ավելացրել, այլ այն հոդվածից է, որը դուք ընդունել եք»,-ասաց նա և նշեց, որ այդ որոշումը կայացվել է նախ, որպեսզի հավասարություն լինի և պաշտոնյան այդ անհարմար վիճակից դուրս գա, երբ պաշտոնյան ինքն իրեն պարգևատրում է նշանակում:

«Մենք համարել ենք, որ բավարար չափով հանրության հետ քննարկում ենք ունեցել, որպեսզի այդ հարցը մենք լուծենք»,- հավելեց Փաշինյանը:

Էդմոն Մարուքյանն արձագանքեց, թե այդ դիտարկումների հետ համաձայն են, համաձայն չեն, որ 30 տոկոսից բարձր է եղել բարձրացումը : «Կրկնապատկվել են այդ աշխատավարձերը, բայց մենք երբ հաստատել ենք ֆոնդը՝ մտածել ենք 30 տոկոսի մասին է խոսքը»,- ասաց Մարուքյանը և հարցրեց, թե ինչու է «գաղտնի» գրիֆով արվել դա:

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ խոսել նախարարի վճարի գաղտնիության մասին տեղին չէ, որովհետև պաշտոնյանները հայտարարագիր են ներկայացնում: Նիկոլ Փաշինյանը շարունակեց, թե հետո նախարարությունների կրճատում է եղել և նախարարներ կան երեք նախարարությունների աշխատանք են կատարում:

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ այլ սկզբունք էլ է առաջարկվել, որ ոչ թե պարգևատրումները լինեն ավտոմատ, այլ հայեցողական, որպեսզի լավ աշխատողին նախարարները կարողանան խրախուսել, վատին՝ ոչ:  

 



loading...