Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԵՄ դեսպանին

Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԵՄ դեսպանին
Հոկտեմբեր 22 23:50 2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։

Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու համագործակցության նոր ուղղությունները: Դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ կրթության ոլորտը ԵՄ-ի առաջնահերթություններից է և իրենք պատրաստ են աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման ճանապարհին։

Նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է բարեփոխումների ընթացքն ու նախարարության առաջնահերթությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եվրոպական միությունը կօժանդակի ռազմավարության մշակման աշխատանքներն ավարտին հասցնելու գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության մի շարք այլ ուղղություններ ևս: Մասնավորապես կարևորվել է նախարարության առանձին ստորաբաժանումների և ոլորտային մի շարք կառույցների կարողությունների զարգացման հարցում ԵՄ աջակցության հնարավորությունը, քանի որ բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայությունն առաջնային նշանակություն ունի։

Կողմերը քննարկել են նաև բուհական կրթության ոլորտում համագործակցության ամրապնդման մեխանիզմներն ու համալսարանների միջև կապերի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև Erasmus+ ծրագրի շրջանավարտների ցանց ստեղծելու, ծրագիրը դեպի հանրակրթության ոլորտ ընդարձակելու հնարավորությունը։ 

loading...