ԲՀԿ-ն հանցանքի առկայությունը հիմնավորելու դեպքում միայն Թովմասյանին կհամարի ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ


ԲՀԿ-ն հանցանքի առկայությունը հիմնավորելու դեպքում միայն Թովմասյանին կհամարի ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ
Հոկտեմբեր 22 14:00 2019

 ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կողմ կլինի, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ստանա համապատասխան պատիժ միայն այն դեպքում, երբ օրինական կերպով կապացուցվի նրա գործողություններում հանցակազմի առկայությունը, անօրինականությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծառուկյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

 

 

«Եթե ցանկացած գործունեության մեջ կա հանցանք, անօրինականություն, պատժելի է: Սակայն նրա աղջիկների նկատմամբ հարցաքննությունն ինձ համար անընդունելի է: Այսօր հիմնական խնդիրը Թովմասյանն է, թող ներկայացնեն նրա գործողություններում առկա հանցակազմը, մենք հասկանանք, որ նա ինչ-որ հանցանք է կատարել ու կողմ կլինենք, որ նա պատժվի: Մենք հանցագործությանը կողմ չենք»,-ասաց Ծառուկյանը:

 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հրայր Թովմասյանին համարում է ՍԴ լեգիտիմ նախագահ, ոմանք ասում են, թե լեգիտիմ չէ, նա պատասխանեց՝ ինչու լեգիտիմ չէ: «Եթե հիմնավորում բերվի, որ նա իսկապես լեգիտիմ նախագահ չէ, մենք կհամաձայնվենք»,-նշեց նա:

 

Հարցին, թե արդյոք շտապողականություն չի տեսել Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու գործընթացում, Ծառուկյանն ասաց՝ նույն շտապողականությունը տեսել է նաև հեղափոխությունից հետո: «5-6 դեպք կա, որ նույն մոտեցմամբ՝ պատգամավոր եղած ժամանակում ընտրվել են տարբեր պաշտոնների»,-նշեց Ծառուկյանն ու հիշեց արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին, որը եղել է պատգամավոր, հետո դարձել նախարար:

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Բաբաջանյանի կարծիքով՝ Թովմասյանը ՍԴ դատավոր, ապա նախագահ է դարձել օրենքի խախտմամբ՝ առանց պատգամավորական լիազորությունները դադարեցնելու դիմումի, նա միաժամանակ ստանձնել է ՍԴ անդամի պաշտոնը։

 

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Կատարվում է նախաքննություն: Բացատրություն էր վերցվել նաև Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից: