ԱԻՆ-ի 7 աշխատակցի պայմանագրերը չեն երկարացվել. ինչ է իրականում կատարվում կառույցում


ԱԻՆ-ի 7 աշխատակցի պայմանագրերը չեն երկարացվել. ինչ է իրականում կատարվում կառույցում
Հոկտեմբեր 22 12:23 2019

Արտակարգ իրավիճակների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության 7 աշխատակիցները ոչ թե աշխատանքից ազատվել են, այլ նրանց հետո կնքված պայմանագրի ժամկետը չի երկարացվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նախարարի մամուլի քարտուղար, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը։

«Մեր վարչության պայմանագրային 7 աշխատակցի պայմանագրերի ժամկետը լրացել է։ Նրանք նախապես ծանուցվել են, որ պայմանագրի ժամկետն այլևս չի երկարացվելու։ Ի դեպ, նախարարն ուզում էր` որևէ մեկը չազատվեր աշխատանքից, սակայն արտահաստիքային աշխատակիցների աշխատավարձերը պետբյուջեից չեն վճարվում, և դրանք ծախս են նախարարության համար»,- ասաց նա։

Զարգարյանը նշեց նաև, որ լուրերը, թե իրենց վարչության դեմ գրոհ է կազմակերպվել, չեն համապատասխանում իրականությանը։

Մեր նկատառմանը, թե այսօր էլ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի հրամանով Արտակ Նահապետյանն ազատվել է ԱԻՆ փրկարարծառայության տնօրենի պաշտոնից, և սա այն դեպքում, երբ Նահապետյանը մեկ ամիս առաջ 2-րդ աստիճանի մեդալով էր պարգևատրվել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»` Զարգարյանն արձագանքեց, որ արտառոց ոչինչ չկա։ «Կարելի է պարգևատրվել ու կարելի է նաև աշխատանքից ազատվել. ի՞նչ կա որ»,- ասաց նա։

Զարգարյանը վստահեցրեց` ԱԻՆ-ում մարդիկ բնականոն հունով աշխատում են, և որևէ լարվածություն չկա։

Հիշեցնենք, որ այսօր աշխատանքից ազատված ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018 թ.-ի հունիսի 28-ից։

armeniasputnik.am



loading...