Սանիկը, բարեկամի տղան, ընկերոջ փեսան. Հաշվեքննիչ պալատում Լեւոն Յոլյանի շրջապատն է աշխատում


Սանիկը, բարեկամի տղան, ընկերոջ փեսան. Հաշվեքննիչ պալատում Լեւոն Յոլյանի շրջապատն է աշխատում
Հոկտեմբեր 12 16:46 2019

Հաշվեքննիչ պալատի շուրջ կրքերը թեժանում են: Պալատի անդամի թափուր տեղի համար շատերն են պայքարում:

Հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովի արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները մերժել են Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրված ԼՀԿ թեկնածու Կարեն Սարգսյանին։ Իշխանական պատգամավորների կարծիքով՝ թեկնածուն արժանի չէ այդ պաշտոնին։ 

ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոյլանը պալատի անդամ է ցանկանում դարձնել ընկերոջ փեսային՝ Կարեն Առուստամյանին: Կարեն Առուստամյանն այժմ զբաղեցնում է Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության եւ միջազգային կապերի  վարչության պետի պաշտոնը: 

Կառույցից ArmDay.am-ին նաեւ ասացին, որ պալատի անդամ դառնալ ցանկանում է նաեւ Լեւոն Յոլյանի ազգականը՝ Սամվել Յոլյանը, որն այժմ զբաղեցնում է Հաշվեքննիչ պալատի 9-րդ վարչության պետի պաշտոնը: 

Ի դեպ, Լեւոն Յոլյանի սանիկն էլ՝ Հայկ Ավագյանը, պալատի աշխատակազմի ղեկավարն է:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը չհերքեց իր բարեկամական եւ մտերմիկ կապերը նշյալ պաշտոնյաների հետ: Իսկ տեղեկություններին, թե բանակցում է, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ իր մտերիմներին առաջադրեն եւ ընտրեն Հաշվեքննիչ պալատի անդամներ, Լեւոն Յոլյանն ասաց.

«Ես որպես պալատի ղեկավար օրենքով ոչ մի լիազորություններ չունեմ: Խնդիրը խմբակցություններինն է, իրենց պետք է առաջադրեն, իրենց իրավունքն է: Իսկ, որ ասում եք՝ համագործակցում եմ, նման հարցերը կոռեկտ չեն: Այդ հարցով ես ընդհանրապես լիազորություն չունեմ»:

Մեր դիտարկմանը՝ ինչպե՞ս է, որ մերձավորները պալատում պաշտոններ են զբաղեցնում, Լեւոն Յոլյանն ասաց. «Կարեն Առուստամյանը պալատում աշխատում է 2005 թվականից: Սամվել Յոլյանն ինձ ազգակից է, որը նույնպես պալատում աշխատում է շատ ավելի շուտ, քան ես նեմ եկել պալատ: Այո, Հայկ Ավագյանն իմ սանիկն է, աշխատում է տասը տարի»: