Հոկտեմբերի 9-ին ժամը 18։00-ի սահմաններում Նորապատ գյուղի 5-րդ փողոցում բախվել են Նորապատ գյուղի բնակիչներ՝ 57-ամյա Արամ Պապոյանի վարած «ԻԺ» մոդելի առանց համարանիշի մոտոցիկլը և 23-ամյա Արման Համբարձումյանի վարած Nissan մակնիշի 35 OX 033 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլավարն ու Nissan-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ Ա. Պապոյանը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Nissan-ի վարորդ Ա. Համբարձումյանը բժշկական օգնություն ստանալուց հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով մոտոցիկլն ու ավտոմեքենան տեղափոխվեցին ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։