Քաշաթաղի շրջանում մեկնարկել է գյուղատնտեսական քոլեջի շինարարությունը


Քաշաթաղի շրջանում մեկնարկել է գյուղատնտեսական քոլեջի շինարարությունը
Սեպտեմբեր 23 10:29 2019

Սեպտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանն ընդունել է «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի» պատասխանատուներին՝ հանձինս հիմնադիր նախագահ և փոխնախագահ տեր և տիկին Անուշավան և Օֆիկ Աբրահամյանների։ 

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ս Սարգսյանի նստավայրում կայացել է հիմնադրամի միջոցներով Բերձոր քաղաքում կառուցվելիք գյուղատնտեսական քոլեջի ստեղծման ծրագրի և այն իրականացնող հիմնադրամի ներկայացումը։ Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի» ղեկավարները, խորհրդի անդամ Հակոբ Պողոսյանը, հայաստանյան ներկայացուցիչ Նորիկ Թունյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը, վերջինիս տեղակալ Հովհաննես Սահակյանը, վարչակազմի պաշտոնատար անձինք, ուսումնական կոլեկտիվների ներկայացուցիչներ, Բերձոր համայնքի նորընտիր ղեկավար Նարեկ Ալեքսանյանը, համայնքի ավագանին։ 

Բացման և ողջույնի խոսքում հիմնադրամի նախագահ Ա Աբրահամյանը ներկայացրել է իրենց գործունեության տեսլականը, այն է՝ հայրենիքի արտամայրաքաղաքային հատվածներում կիրառական և արագ կապիտալիզացվող գիտելիքներ և հմտություններ փոխանցող կրթական հաստատությունների հիմնման միջոցով նպաստել փոքր քաղաքային և գյուղական համայնքների կարդային բազայի երիտասարդացմանը, տեղում վերատադրմանը և գործառնությանը։ Ա Աբրահամյանը ներկաներին հայտնել է, որ պատրաստ են ընդունելու առաջարկներ և օգնություն քոլեջի կադրային և աշակերտական համալրման, ինչպես նաև առարկայացանկի որոշարկման հարցում։ Միաժամանակ «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի» նախագահը տեղեկացրել է, որ այս պահին նախապես հաստատված առարկաներն են անասնաբուժություն, անասնաբուծություն, կաթնամթերքի արտադրություն, մեղվաբուծություն, այգեգործություն, անտառային տնտեսություն, գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկում։

Ծանոթություն «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամը» ՀՀ 9 մարզերում կահավորել և ֆինանսավորել է 1-ական արհեստագործական քոլեջ կամ ուսումնարան։ Բերձորի գյուղատնտեսական քոլեջն Արցախի տարածքում հիմնադրամի առաջին ձեռնարկումն է։ Նախատեսվում է քոլեջը բացել 2020 թ սեպտեմբերին։ Համապատասխան հուշագիր հիմնադրամի և ԱՀ ԿԳՍ միջև կնքվել է 2018 թ մայիսին։ Քոլեջի ուսումնական ծրագրի կազմման, ձեռնարկատիրական մոդուլների ներդրման և դասավանդողների վերապատրաստման հարցում հիմնադրամը համագործակցում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության հետ։

Քաշաթաղի ղեկավար Ստեփան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամին» ծրագրի համար՝ ընդգծելով այն կարևոր դերը, որ գյուղատնտեսական քոլեջը կունենա ինչպես Բերձոր քաղաքի, այնպես էլ առհասարակ ամբողջ շրջանի համար։ Ս Սարգսյանը մասնավորապես առանձնացրել է տեղում որակավորված կադրերի պատրաստումը և երիտասարդների արտահոսքի կանխումը, ինչպես նաև կրթական հաստատության շուրջ տնտեսական սիներգիայի հասնելը, այն է՝ նոր աշխատատեղերի բացումը, նոր վերաբնակիչների ընդունումը, բնակֆոնդի հավանական թարմացումը, մարդկային ենթակառուցվածքի արդիականացումը։ Շրջվարչակազմի ղեկավարի խոսքերով՝ սա թույլ կտա Բերձորը վերածելու Արցախի և Սյունիքի հատման կետում գտնվող կրթական կենտրոնի՝ մերձակա և առնչակից բնակավայրերից գրավելով երիտասարդ ուսանողների։ 

Հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Նորիկ Թունյանը շեշտադրել է Քաշաթաղի շրջանի ղեկավար Ստեփան Սարգսյանի ունեցած կարևոր դերակատարումը որպես քոլեջի վայր Բերձորի ընտրության հարցում։ Ն Թունյանի խոսքով՝ Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ նախնական քննարկումների ընթացքում դիտարկվել են արցախյան տարբեր բնակավայրեր, սակայն Ս Սարգսյանի հիմնավոր և հետևողական հորդորների արդյունքում ընտրությունը կանգ առավ Բերձորի վրա։

 

Հանդիպմանը հաջորդած նեղ կազմով աշխատանքային քննարկման ընթացքում Քաշաթաղի ղեկավար Ս Սարգսյանը և հիմնադրամի ղեկավարները մտքեր են փոխանակել քոլեջի ապագա ղեկավարի, դասավանդողների կազմի, հանրային հաղորդակցության, ինչպես նաև հարակից տեխնիկական մանրամասների վերաբերյալ։ Դրանից հետո զրուցակիցներն այցելել են քոլեջի ապագա շենքի տարածք, ուր ներկայումս տեղակայված է Քաշաթաղի ոստիկանական բաժինը։ Շենքի փոխանցումը ոստիկանությունից քոլեջին հնարավոր է դարձել շրջանի ղեկավարի և Արցախի ոստիկանության ղեկավարների հետ արդյունավետ բանակցությունների շնորհիվ։ Նախատեսված է շենքի արտաքին հարդարման և շինարարության աշխատանքներն ավարտին հասցնել մինչև ձմեռ, այնուհետև անցնել ներքին աշխատանքներին։



loading...