Սպանության փորձ Արմավիրի մարզում. հանգամանքները պարզվում են


Սպանության փորձ Արմավիրի մարզում. հանգամանքները պարզվում են
Սեպտեմբեր 18 11:57 2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արմավիրի մարզի երեք բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.40-ին, «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ ազդրի շրջանի հրազենային վերք, խորանիստ զարկերակների վնասվածքներ, արտաքին արյունահոսություն, հեմորալգիկ շոկ 3-րդ 4-րդ աստիճանի»  ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Աղավնատուն գյուղի բնակիչը՝ ծնված  1989թ.: 

 

Նույն օրը՝ ժամը 23.10-ին, հաղորդում է ստացվել նաև  «Էրեբունի» Բ/Կ-ից այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել նույն գյուղի ևս երկու բնակիչ՝ ծնված 1986 և 1982թթ.՝ համապատասխանաբար՝ «պոլիտրավմա, կրծքավանդակի աջ կեսի հրազենային վնասում» և «աջ և ձախ ստորին վերջույթների հրազենային վնասում» ախտորոշմամբ:

 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: 

 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

Բժիշկների կողմից տրված տեղեկանքների համաձայն՝ նշված անձինք ի վիճակի չեն բացատրություն տալու: Նշանակվել է դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություն:

 

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

ՀՀ քննչական կոմիտեի 

տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի բաժին

 

 



loading...