Ասադի ուժերի առաջխաղացումից անհանգստացած Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել


Ասադի ուժերի առաջխաղացումից անհանգստացած Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել
Օգոստոս 23 23:23 2019

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև հեռախոսազրույց է կայացել։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։

Վերջին 10 օրվա ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը Իդլիբում ահաբեկիչների դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությամբ հաջողություններ են գրանցել՝ իրենց վերահսկողության տակ առնելով մի քանի շրջաններ։

Այս ամենը մեծապես անհանգստացրել է Թուրքիային, մանավանդ, որ մի քանի օր առաջ Սիրիայի կառավարական ուժերը հրթիռակոծել էին Մաարեթ Էլ Նուման - Հան Շեյհուն ավտոճանապարհը, ինչի հետևանքով Թուրքիայի զինուժը չկարողացավ լրացուցիչ ուժեր տեղափոխել Հան Շեյհուն շրջանում տեղակայված թուրքական 9-րդ և 10-րդ դիտակատեր: 

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրել է Իդլիբում հաստատված հրադադարը խախտելու մեջ, ինչպես նաև հայտնել է, որ Դամասկոսի ձեռնարկած քայլերը վնասում են սիրիական հակամարտության կարգավորմանը և Թուրքիայի անվտանգության տեսանկյունից «շատ լուրջ վտանգ» են ներկայացնում։

Էրդողանը պնդել է, որ Ասադի ուժերի առաջխաղացման հետևանքով տարածաշրջանում ստեղծվել է «ճգնաժամային իրավիճակ»։

ermenihaber.am



loading...