Ազգային ժողովից 15 միլիոն դրամի գույք է անհետացել


Ազգային ժողովից 15 միլիոն դրամի գույք է անհետացել
Օգոստոս 23 21:04 2019

Ազգային ժողովում 15,5 միլիոն դրամի գույքի պակասորդ կա: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցերին ի պատասխան փոխանցեցին Ազգային ժողովի աշխատակազմից:

Ազգային ժողովի տարածքում 2019 թվականի մարտի14-ին աշխատակազմի ղեկավարի հրամանով  իրականացված գույքագրման արդյունքում պարզվել է, որ 54 անուն ապրանք տեղում չէ: Մասնավորապես, կառույցից բացակայում է 22 համակարգիչ, երկու տերաբայթ տեղեկատվության ծավալով  2 արտաքին կոշտ սկավառակներ, 5 ինֆրակարմիր ընդունիչներ, այլ տեխնիկական միջոցներ եւ գույք: Գույքի պակասորդի մասին տեղեկությունները ԱԺ աշխատակազմը փոխանցել է իրավապահ մարմիններին:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը Factor.am-ի հետ զրույցում բացառեց այն հնարավոր տարբերակը, որ գույքը կորել է իրենց աշխատանքի ժամանակահատվածում: «Մենք էլ ենք ժամանակին արել գույքագրում եւ ամբողջ գույքագրումը պահպանված է: Եթե տեսել են, որ չկան համակարգիչները, պետք է դիմեն իրավապահ մարմիններին: Մեր գույքագրման ժամանակ մենք չենք ունեցել համակարգիչների որեւէ կորուստ»,- հավաստիացրեց նախկին պաշտոնյան: Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ ԱԺ-ից բացակայող գուքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Ընթանում է նախաքննություն: Այս պահին գործում ներգրավված անձ չկա: 

factor.am