Արմեն Ավետիսյանի՝ Ծաղկաձորում գտնվող «Golden Palace» հյուրանոցը պետությանը նվիրելու նախագիծն արդեն պատրաստ է


Արմեն Ավետիսյանի՝ Ծաղկաձորում գտնվող «Golden Palace» հյուրանոցը պետությանը նվիրելու նախագիծն  արդեն պատրաստ է
Օգոստոս 22 18:36 2019

Հայաստանի Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի՝ Ծաղկաձորում գտնվող «Golden Palace» հյուրանոցի շուրջ նոր զարգացումներ են տեղի ունենում: Շոտով կառավարության օրակարգում կլինի այն նախագիծը, որով հյուրանոցի սեփականատերը դառնալու է պետությունը: Այս մասին ArmDay.am-ին ասաց պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Նախագիծը վերջնական փուլում է, ներկայացնելու ենք կառավարությանը: Նախագիծը ներկայացվելուց եւ ընդունվելուց հետո հյուրանոցը կանցնի պետությանը: Առաջիկա երկու նիստերից հետո նախագիծը կլինի կառավարության օրակարգում»,- ասաց Նարեկ Բաբայանը: 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե Արմեն Ավետիսյանը ցանկություն է հայտել իր այդ շքեղ հյուրանոցը նվիրել պետությանը: Փաշինյանը նաև ասել էր, որ այդ հյուրանոցն արժե մինչև 20 մլն դոլար: 

Նշենք նաև, որ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել 2001-2008 թվականներին Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ: Ըստ հաղորդագրության, ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու համար:



loading...