28-ամյա տղամարդը ապակյա շշով 4-5 անգամ հարվածել է 25-ամյա կնոջ գլխին


28-ամյա տղամարդը ապակյա շշով 4-5 անգամ հարվածել է 25-ամյա կնոջ գլխին
Օգոստոս 18 00:35 2019

Վանաձորում 28-ամյա բնակիչը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել 25-ամյա իր կնոջը՝ ապակյա շշով եւ գոտիով հարվածելով նրա գլխին եւ մարմնի տարբեր հատվածներին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

2018 թվականի դեկտեմբերի 28-ին Վանաձորի իրենց բնակարանում համատեղ բնակվելու հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը՝ ապակյա դատարկ շշով 5-6 անգամ հարվածելով նրա գլխին պատճառելով ֆիզիկական ցավ: Բացի այդ, 2019 թվականի փետրվարի 13-ին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ կնոջ բջջային հեռախոսին եկած կարճ հաղորդագրության պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, տաբատի գոտիով, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, որից հետո հիշյալ շենքի բակում շարունակելով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությունը՝ ապակյա շշով է 4-5 անգամ հարվածներ կնոջ գլխին: Այնուհետև կոտրելով ապակյա շիշը՝ դրա կոտրված հատվածը մոտեցրել և պահել է կնոջ պարանոցին՝ ասելով, որ սպանելու է նրան՝ այդ կերպ վերջինիս տվել սպանության իրական սպառնալիքներ:

2019 թվականի ապրիլի 8-ին էլ գնալով նախկին կնոջ կողմից փաստացի օգտագործվող բնակարան՝ վերջինից պահանջել է, որ նա բացի դուռը, սակայն մերժում ստանալով, ջարդելով բնակարանի ննջասենյակի պատշգամբից տուն տանող դռան պատուհանի ապակին, կնոջ կամքին հակառակ ապօրինի պատուհանով մուտք է գործել բնակարան՝ այդ կերպ խախտելով վերջինիս բնակարանի անձեռնամխելիության իրավունքը և առանց որևէ պատճառի աջ ձեռքով երկու անգամ հարվածել է նրա դեմքի ձախ հատվածին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

28-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 117-րդ, 118-րդ,  137-րդ եւ 147-րդ հոդվածների հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։