Գորգերի «փարթիի» կազմակերպիչ Ա/Ձ-ն էլի է ԱԺ-ին ծառայություններ մատուցել. Արարատ Միրզոյանի խորհրդականի շրջապատից է (Լուսանկարներ)


Գորգերի «փարթիի» կազմակերպիչ Ա/Ձ-ն էլի է ԱԺ-ին ծառայություններ մատուցել. Արարատ Միրզոյանի խորհրդականի շրջապատից է (Լուսանկարներ)
Օգոստոս 17 18:30 2019

Գլխավոր լուսանկարում՝ Հռիփսիմե Գրիգորյանը եւ ամուսինը՝ Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանը

Ազգային ժողովի կողմից կազմակերպված միջոցառումների ծառայությունները որոշ դեպքերում իրականացվում են «խնամի-ծանոթ-բարեկամ»-ների կողմից: Արդեն հայտնի է դարձել, որ Վարդավառի տոնին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի կողմից կազմակերպված «գորգեր լվանալու» միջոցառման ժամանակ ծառայություններ մատուցել են նրանց հետ փոխկապակցված անձիք: Մասնավորապես, խոսքը «Անի Ջուլհակյան» և «Սոլոյան Մերի» Ա/Ձ-ների մասին է: «Սոլոյան Մերի» Ա/Ձ-ի սեփականատերը, ինչպես լրատվամիջոցներն էին գրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի ընկերուհին է, որն աշխատում է «Ռադիո Վան» ռադիոկայանում: Անի Ջուլհակյանը եւս փոխկապակցված է «Ռադիո Վանի» հետ:

«Անի Ջուլհակյան» Ա/Ձ-ն էլ փոխկապակցված է Հռիփսիմե Գրիգորյանի եւ նրա ամուսնու Դավիթ Կարապետյանի հետ: Ի դեպ, Դավիթ Կարապետյանն էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն է:  «Անի Ջուլհակյան» Ա/Ձ-ի սեփականատեր Անի Ջուլհակյանը Armdaily.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ Դավիթ Կարապետյանի հետ նախկին ծանոթներ են եւ միասին են աշխատել: «Դավիթ Կարապետյանի հետ մենք աշխատել ենք Idea հիմնադրամում տարբեր ծրագրերում»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել է Անի Ջուլհակյանը:

ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանի ծանոթուհին կամ նախկին գործընկերն առաջին անգամը չէ, որ հեղափոխությունից հետո ծառայություններ է մատուցում խորհրդարանին: Ազգային ժողովի աշխատակազմի մեր աղբյուրները փոխանցեցին, որ «Անի Ջուլհակյան» Ա/Ձ-ն ԱԺ-ին ծառայություններ է մատուցել նաեւ հունիսի մեկին՝ Երեխաների միջազգային օրը: Միջոցառումը կազմակերպելու համար Միրզոյանի խորհրդականի նախկին գործընկերոջ ԱՁ-ին փոխանցվել է 11 մլն 140 հազար ՀՀ դրամ:

Լուսանկարում՝ Արարատ Միրզոյանն է եւ նաեւ խորհրդական Դավիթ Կարապետյանը

Ընդ որում՝ մեր աղբյուրը մեկ ուշագրավ փաստ էլ նշեց: ArmDay.am-ին փոխանցեցին, որ երեխաների օրվա միջոցառման ընդհանուր բյուջեն  ընդհանուր կազմել է 25 մլն 540 հազար դրամ, բայց գրեթե կեսը բաժին է հասել «Անի Ջուլհակյան» ԱՁ-ին՝ 11 մլն 140 հազար ՀՀ դրամ: Իսկ մնացած գումարը տարբեր չափերի բաժանվել է վեց տարբեր ընկերությունների միջեւ:

Անի Ջուլհայկանի գրառումը. պարզվում է նա ջերմ հարաբերությունների մեջ է իշխանական պատգամավորների հետ

Կա այստեղ կոռուպցիա, թե՝ոչ միանշանակ պնդումներ անելը բարդ է: Սակայն, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մի առիթով Գագիկ Խաչատրյանին, երբ նա ՊԵԿ նախագահ էր հարց էր ուղղել՝ ինչպե՞ս է ստացվում, որ նրա ՊԵԿ գնալուց հետո կառույցը սկսել է օգտվել «Յուքոմ»-ի ծառայություններից: Այս հարցն այսօր էլ է արդիական, միայն թե պաշտոնյաների եւ ծառայություններ մատուցողի անուններն են փոխվել: