Ինչու ամերիկաներից ու ռուսաստաններից «երկիրը թալանածներին» հետ բերել չի լինում. Նիկոլ Փաշինյանը հանրահավաք կհրավիրի՞


Ինչու ամերիկաներից ու ռուսաստաններից «երկիրը թալանածներին» հետ բերել չի լինում. Նիկոլ Փաշինյանը հանրահավաք կհրավիրի՞
Օգոստոս 17 13:15 2019

Ռուսաստանը հրաժավել է Միհրան Պողոսյանին հանձնել Հայաստանին: Այս մասին հայտնում է  Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

«ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:

Կոնվենցիայի վերը նշված հոդվածը՝ որպես իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում ՝ հանձնման միջնորդությունը քննարկող) Պայմանավորվող Կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը: Մինչդեռ, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության մերժման կոնկրետ հիմքի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի ներկայացվել: Վերոնշյալով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ»,- ասված է հայտարարությունում:

 Այստեղ տեղի է հիշել Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը, որտեղ հայտարարում է, թե որտեղից էլ լինի «գողերին» գտնելու են բերեն: «Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու: Հայաստանում գողերի ժամանակն անցել է, ամերիկաներից լինի, ռուսաստաններից լինի, ավստրալիաներից լինի, գտնելու ենք, բերելու ենք իրենց և իրենց գողացած ամեն լումա, ամեն կոպեկ, ամեն դոլար»,- սեպտեմբերի 11-ին ասել էր վարչապետը:

Հիմա հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք կհրավիրի եւ նույն ոճի մեջ կպարզաբանի, թե ինչու ամերիկաներից, ռուսաստաններից եւ այլ երկրներից հնարավոր չի լինում նրանց գտնել եւ բերել:

Այս պահին հետախուզման մեջ են նաեւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, Սերժ Սարգսյանի եղբար Լեւոն Սարգսյանը, Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը, Մանվել Գրիգորյանի որդի Արամ Գրիգորյանը: