Վանաձորի բանտի պետի տեղակալը, անվտանգության գծով տեղակալն ու հսկիչը կասկածվում են բանտում գտնվող անձանց արգելված իրեր, այդ թվում թմրամիջոցներ փոխանցելու մեջ


Վանաձորի բանտի պետի տեղակալը, անվտանգության գծով տեղակալն ու հսկիչը կասկածվում են բանտում գտնվող անձանց արգելված իրեր, այդ թվում թմրամիջոցներ փոխանցելու մեջ
Հուլիս 24 00:43 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 308, 311, 312 հոդվածների 1-ին մասով և 266 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց նկատմամբ։

Պարզվել է, որ այդ անձինք անձնական և շահադիտական շահագրգռվաությունից ելնելով՝ չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը և չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները պատշաճ։ Պարզվել է, որ այդ պաշտոնատար անձինք համաձայնության են եկել Վանաձորի բանտում իրենց պատիժը կրող հանցավոր միջավայրում հեղինակություն վայելող մի քանի դատապարտալների հետ ու տարբեր չափերի գումարների դիմաց 2018 թվականի աշնանից մինչև այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածում Վանաձորի բանտի տարածք են մտցրել չթույլատրած ապրանքներ, այդ թվում՝ թմրամիջոցներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կան կասկածներ, որ այդ ամենը փոխանցվել է դատապարտյալներ Սամվել Դավթյանին, Գարիկ Դանիելյանին, Արսեն Թերիխանյանին և Նվեր Կիրակոսյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալներն են Վանաձորի բանտի պետի տեղակալ Մամիկոն Պրուկյանը, նույն բանտի անվտանգության գծով տեղակալ Եղիշե Քոչինյանը և հսկիչ Արտյոմ Ասրյանը։