Մայիսին ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ՀՀ դրամով ներգրավված ավանդների ծավալներն աճել են


Մայիսին ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ՀՀ դրամով ներգրավված ավանդների ծավալներն աճել են
Հուլիս 19 18:42 2019

Հայաստանում ընդհանուր ավանդների ծավալները 2019թ. մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 19%-ով՝ կազմելով 3 տրլն 111 մլրդ ՀՀ դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է ընթացիկ տարվա մայիս ամսվա ընթացքում առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների, ինչպես նաև առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալները, որոնց համաձայն՝ ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալներն աճել են մոտ երկու անգամ, իսկ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալները՝ 10%-ով։

 

Դիտարկվող ժամանակահատվածում ոչ ռեզիդենտներից արտարժույթով ներգրավված ավանդների ծավալը մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է մոտ 59%-ով։ Թե՛ ռեզիդենտներից, թե՛ ոչ ռեզիդենտներից ՀՀ դրամով ներգրավված ավանդների ծավալներն աճել են համապատասխանաբար 16 և 21 տոկոսներով։ Ռեզիդենտներից արտարժույթով ներգրավված ավանդների ծավալների աճը մայիսին կազմել է 5%։

 

Աճել են նաև առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալները. ընթացիկ տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ աճել են մոտ 14%-ով։ Ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալներն աճել են 14%-ով, իսկ ոչ ռեզիդենտներին տրամադրվածը՝ մոտ 12%-ով։

 

2019-ի մայիսին նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված արդյունաբերությանն ուղղված վարկերի ծավալները կրճատվել են 9%-ով, իսկ գյուղատնտեսությանն ուղղված վարկերի ծավալներն աճել են 2%-ով։ Սպառողական վարկերի ծավալն աճել է 37%, իսկ հիփոթեքայինը՝ 34%-ով։