Եթե, Աստված չանի, էլի պատերազմ լինի, կելնենք, կգնանք՝ ինչ կա մտածելու.Ապրելու ապրիլ. Շուլի Հակոբյան


Եթե, Աստված չանի, էլի պատերազմ լինի, կելնենք, կգնանք՝ ինչ կա մտածելու.Ապրելու ապրիլ. Շուլի Հակոբյան
Ապրիլ 1 14:05 2017

Armday.am-ը ապրիլյան պատերազմի տարելիցին ընդառաջ զրուցել է քառօրյային մասնակցած և զորացրված զինծառայողների հետ և գրի առել նրանց մտքերը պատերազմի, կյանքի ու ապրիլի մասին:

ՇՈՒԼԻ ՀԱԿՈԲՅԱՆ - ԼՂՀ ՊԲ զինծառայող, ավագ սերժանտ, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ:

-Մեկ տարի առաջ՝ այս օրերին, իմ գլխում մի միտք էր, որ հաշված օրեր են մնացել զորացրվելուս: Սովորական ''100 дневка'' հասկացողությունն էր: Այս օրերին մի նպատակ, ցանկություն կար՝ զորացրվել, վերադառնալ ու շարունակել քաղաքացիական կյանքը, ուսումը, գործերը, բայց… ապրիլի 2-ին տեղի ունեցավ անակնկալ մի բան, որը կյանքում շատ բաներ փոխեց:

-Մոտ 8 ամիս է, ինչ զորացրվել եմ: Հիմա ես սովորում եմ ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետում, զուգահեռ աշխատում եմ ՀՀ ՊՆ-ում:

-Չեմ կարող նշել, թե կոնկրետ ինչ տվեց ու տարավ իմ կյանքից ապրիլը: Շատ բան տվեց, շատ բան էլ տարավ:

-Ապրիլը կիսատ թողեց մեր ավագ սերնդի 90-ականների կիսատ թողած գործը, որը մենք փորձեցինք շարունակել, բայց, ցավոք սրտի, էլի կիսատ մնաց:

-Բանակից առաջ երբևիցե չեմ մտածել, որ կարող եմ թշնամի սպանել, բայց ծառայության ընթացքում հասկացա, որ եթե եկավ պահը, պետք է անգամ թշնամուն սպանես, որովհետև եթե դու չխբես, ինքն է քեզ խբելու՝ նամանավանդ ապրիլյան օրերին մի փոքր այլ էր՝ թշնամին բացահայտ հարձակվում էր, բացահայտ էր գործում: Ծառայության մեջ մի փոքր այլ է ասելը, մարտական գործողությունների ժամանակ՝ այլ, բայց, միանշանակ, խնդիր չի եղել մտածել՝ վայ, ոնց պիտի սպանեմ թշնամուն, որովհետև ինքը էն թշնամին չէ, որ մտածես...

-Տանկերը խբելուց շատ բան էի զգում, ուղղակի նաև փորձում էի չտրվել էմոցիաներին ու ավելի սառը դատելով՝ փորձել էֆֆեկտիվ գործել, որը, փառք Աստծո, ստացվեց:

-Կարոտում եմ դիրքերը: Դիրքերից ամեն ինչն եմ կարոտում ու նաև կարոտում եմ բանակային քաղցր օրերը:

-Պատերազմից մի լուսավոր բան մնաց, դա այն է, որ մարտական ընկերները, ովքեր ընկան բոլորիս համար, ընկան, որ մենք ապրենք և մենք պետք է կարողանանք ցանկացած պահի շարունակել իրենց կիսատ թողած գործը:

-Եթե, Աստված չանի, էլի պատերազմ լինի, կելնենք, կգնանք՝ ինչ կա մտածելու:

-Հայաստա՛ն, ես քեզանից երիտասարդ եմ, բայց կկանգնեմ քո կողքին մինչև կյանքիս վերջ: