Կանաչ Սևանն արդեն նաև գարշահոտություն է տարածում. թռչուններն էլ են փախե՞լ (տեսանյութ)


Կանաչ Սևանն արդեն նաև գարշահոտություն է տարածում. թռչուններն էլ են փախե՞լ (տեսանյութ)
Հուլիս 6 23:58 2019

Հայտնի վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում Սևանա լճի լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել, որոնցում լճի ջուրը վառ կանաչ է։

«Սևանը հենց հիմա։ Կանաչած Սևանի այս վիճակի համար պատասխանատու ենք բոլորս»,– գրել է հեղինակը` հավելելով, որ լճից նաև «գլխացավ առաջացնող հոտ» է գալիս։

Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ լուսանկարների հեղինակը հենց ինքն է։

«Վերջին հրապարակված լուսանկարները կատարվել են երեկ` ժամը 18։00-18։30-ի սահմանում, Մարտունու քաղաքային լողափի հատվածում»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է գարշահոտությանը, ապա, նրա խոսքով, այն ավելի շատ քիմիական հոտի է նման եղել։

«Ավելի շատ թունավոր գազի հոտ էր, ու, ի տարբերություն 3-4 օր առաջվա, այս անգամ նույնիսկ ճայեր չկային այդ կողմում»,– ասաց մեր զրուցակիցը։

Հովհաննիսյանի խոսքով` Սևանա լճի փոխված գույնը համատարած նկատվել է Վարդենիսի տարածաշրջանի Կարճաղբյուր գյուղից մինչև Մարտունի քաղաքը տանող ամբողջ ճանապարհի երկայնքով։