Անելիքները շատ են․ տնտեսության զարգացում այս պահին չի արձանագրվել․ Սերգեյ Բագրատյան


Անելիքները շատ են․ տնտեսության զարգացում այս պահին չի արձանագրվել․ Սերգեյ Բագրատյան
Հունիս 17 11:56 2019
 
Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, խոսելով ՀՀ տնտեսության զարգացման մասին, նշում է՝ տնտեսությունը քաղաքական զարգացումների հայելային արտացոլումն է, իսկ Հայաստանում տնտեսական թռիչքաձև աճ դեռևս չի գրանցվել։ Այս մասին պատգամավորը նշեց ArmDay.am-ի հետ զրույցում։
 
«Այսինքն՝ եթե յոթ տարեկան երեխային մեկ տարի հետո նայում ես, նա արդեն դարձել է ութ տարկան։ Եթե նայենք այդ տրամաբանությամբ, տնտեսությունը տարեկան 4-5 տոկոս աճ է գրանցում, բայց մեծ հաշվով՝ դա չի նշանակում տնտեսական աճ։ Տնտեսական աճի ներառականությունը շատ ավելի այլ կատեգորիաներ ունի», - նշեց պատգամավորը։
 
Հարցին՝ իսկ տնտեսական թռիչքաձև աճի պոտենցիալ տեսնո՞ւմ եք, պատգամավորը պատասխանեց․ «Պետք է ամեն երևույթի արձագանքել համաչափ։ Եթե, օրինակ, որոշել ենք A կետից հասնել B կետ և մեզ պետք է արագ հասնել, մենք օգտվում ենք այլ փոխադրամիջոցից, ոչ թե հասարակական տրանսպորտից, որպեսզի շուտ տեղ հասնենք, այսինքն՝ հասարակական տրանսպորտով էլ կարող ենք հասնել, բայց ավելի ուշ։ Նույնը տնտեսական ոլորտի պարագայում է․ հարկավոր է օրենքները փոխել, տնտեսական հայեցակարգը, տնտեսության նկատմամբ վերաբերմունքը ևս պետք է փոխել, հավասար մրցակցային հնարավորություններ ստեղծել։
 
Բավարար չէ, որ կոռուպցիան բարձր մակարդակով ժխտեն, այո՛, դա բավարար չէ տնտեսության զարգացման համար։ Մենք չունենք ներդրումային ծրագրեր, պայմաններ․․․ Տնտեսության զարգացում ասվածը բազմաթիվ բաղադրիչներ ունի, և մենք պետք է կարողանանք ապահովել այդ բաղադրիչները, եթե ցանկանում ենք ունենալ տնտեսության թռիչքաձև զարգացում։ անելիքները շատ-շատ են․ տնտեսության զարգացում այս պահին չի արձանագրվել։ Ճիշտ է, տնտեսական աճի ցուցանիշ կա, բայց դա այն աճը չէ, որ համարենք թռիչքաձև», - եզրափակեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։