Իմ հոռետեսությունն, ավաղ, հաստատվեց․ Աշոտյանը՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի հայտարարության մասին


Իմ հոռետեսությունն, ավաղ, հաստատվեց․ Աշոտյանը՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի հայտարարության մասին
Հունիս 13 21:12 2019

Արդեն մեկ տարի ուժի մեջ մտած Հայաստան-ԵՄ համաձայնագիրը դեռ չի թևակոխել կատարման փուլ, և այդ մասին իմ ահազանգերն ու քննադատությունը ավելի քան տեղին են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Հայաստան-ԵՄ՝ անշուք հրաժեշտ

Այսօր Բրյուսելում կայացավ Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը, որը վերջինն էր այս Եվրոպական Հանձնաժողովի պաշտոնավարման օրոք: Խորհրդի նիստի արդյունքում հրապարակված համատեղ մամուլի հայտարարությունից պարզ է դառնում, որ.

1. Արդեն մեկ տարի ուժի մեջ մտած Հայաստան-ԵՄ համաձայնագիրը դեռ չի թևակոխել կատարման փուլ, և այդ մասին իմ ահազանգերն ու քննադատությունը ավելի քան տեղին են:

2. Փաշինյանի վերջին Բրյուսելյան այցից հետո իշխանությունները մատի քարոզչական փաթաթան սարքեցին Յունկերի միտքը, թե “տեխնիկական պայմաններն արդեն բավարարված են” և Հայաստանն արդեն պատրաստ է Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին, մատուցելով դա որպես վարչապետի այցի կարևորագույն ձեռքբերում: Սակայն այսօր ընդունված փաստաթղթում ընդամենն ընդգծվում է, որ կողմերը “պատեհ ժամանակին դիտարկելու են Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն:” Այսինքն այս հարցով ևս իշխանափոխությունից հետո որևէ շոշափելի աջաընթաց իրականում չկա, և իմ հոռետեսությունն, ավաղ, հաստատվեց:

3. Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տեղ գտած գնահատականները մաքսիմալ անատամ էին և ոչինչ չասող: Զարմանալի է, որ Սիրիական խնդրին վերաբերող անդրադարձը մոտ երեք անգամ ավելին է իր ծավալով, քան Արցախին վերաբերող հատվածը:

4. ԵՄ-ից ակնկալվող աջակցության ծավալը 2017-2020 թթ համար կավելանա ընդամենը 25 մլն եվրոյով: Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի առաջին Բրյուսելյան այցի ընթացքում արտահայտված մուննաթի և կշտամբանքի, ԵՄ-ն կրկին փաստում է, որ ֆինանսավորում է ռեֆորմներ, այլ ոչ թե հեղափոխություններ:

5. ԵՄ-ն կրկին շեշտեց, որ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը պետք է իրականացվեն Հայաստանի սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։

Ամփոփելով, ապագայի համար ուզում եմ կարևորել երեք հանգամանք՝

ա. Եվրոպական Միության հաջորդ ղեկավարության հետ, որի մանդատը կգործարկվի սույն թվականի նոյեմբերից, մի շարք պատճառներով ավելի դժվար է լինելու աշխատել, և մեր իշխանությունները պետք է շատ մեծ լրացուցիչ ջանքեր գործադրեն այս ուղղությամբ:

բ. Արևելյան գործընկերության ապագայի հանդեպ ԵՄ-ն դեռևս չունի վերջնական ձևավորված պատկերացումներ, և Հայաստանը մի կողմից պետք է այս ուղղությամբ ցուցաբերի նախաձեռնողականություն, մյուս կողմից՝ առավելագույն շեշտադրումներ անի հենց Հայաստան-ԵՄ երկկողմ շրջանակով պայմանավորված օրակարգի վրա:

գ. 2020 թվականին ավարտվում է Հայաստան-ԵՄ Գործընկերության գերակայությունների մասին գործող համաձայնագիրը, և արդեն ժամանակն է, որպեսզի Հայաստանը սկսի իր համար նախանշել ԵՄ-ի հետ հարաբերությունների հաջորդ շրջափուլի հիմնական ուղենիշները:

Կունենա՞ այս իշխանությունը բավարար գիտելիք, կամք և փորձառություն այս ամենն անելու համար»:



loading...