Վանեցյանին հորդորելու եմ, որ վեր կենա եւ քայլի. Իոաննիսյանը` ԱԱԾ տնօրենի, Թոխմախի Բաբոյի և մյուսների մասին


Վանեցյանին հորդորելու եմ, որ վեր կենա եւ քայլի. Իոաննիսյանը` ԱԱԾ տնօրենի,  Թոխմախի Բաբոյի և մյուսների մասին
Մայիս 24 15:31 2019

«Ես պարոն  Վանեցյանին հորդորելու եմ, որ վեր կենա եւ քայլի»։ Այս մասին մեզ  հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող  Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը։ Նշենք, որ Վանեցյանն, այսօր լրագրողների հետ զրույցում հորդորել էր Իոննիսյանին հանգիստ նստել տեղը։ Պատճառն այն էր, որ Իոննիսյանը հայտարարել էր, որ Արթուր Վանեցյանը մտերիմ կապի մեջ է մի շարք քրեական հեղինակությունների հետ։ Մասնավորապես ըստ Իոննիսյանի՝ Վանեցյանը մեղադրվում էր մի քանի քրեական հեղինակությունների` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու համար:

Դանիել Իոննիսյանին հարցրեցինք  Վովայի Արշակը՝ Արշակ Հակոբյանը, Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը հանրությանը հայտնի են, ո՞վ է Թոխմախի Բաբոն։ Ի պատասխան Իոննիսյանն ասաց «Ես քրեական աշխարհից այնքան հեռու մարդ եմ, այդ անուններն ինձ քիչ բան են ասում։ Ինֆորմացիան ստանում եմ այն  աղբյուրներից, որոնց միանշանակ վստահում եմ, եւ կարող եմ պնդել նորից, բայց ամեն դեպքում երբ հարցնեն Թոխմախի Բաբոն ով է՝ ես չգիտեմ, բայց Վովայի Արշակը Հայաստանից փախել է հեղափոխությունից հետո, ընդ որում կան տեղեկություններ, որ կեղծ անձնագրով է սահմանը հատել։ Հիմա Վովայի Արշակը Հայաստանում է, եւ հանգիստ ֆռֆռում է իր համար, էդ ոնց ստացվեց։ Նրա հերոսությունների մասին բոլորս գիտենք, էդ մարդն անմե՞ղ է, ոչ մի բան չի արե՞լ»,- ասաց Իոննիսյանը։

Ըստ նրա քրեական հեղինակություններից մեկը Վանեցյանի շահերն է պաշտպանում, այդ թվում՝ լրատվական դաշտում։

Դիտարկմանը, թե խոսքը Մաքսային ծառայության պետ Բաբկեն Ղազարյանի մասին է, Իոննիսյանն ասաց, որ ազգանունը հստակ չգիտի։ «Վանեցյանը իրականության հետ կապը մի քիչ կորցրել է, որովհետեւ ոչ Վանեցյանն է Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ առավել եւս ես՝ ՀՀԿ-ն, որ Վանեցյանն ինձ ասում է հանգիստ նստի տեղը, թող վերադառնա իրականություն»,- ԱԱԾ տնօրենին հորդորեց Իոննիսյանը։ Նա նաեւ Վանեցյանին մեղադրեց հեղափոխության ժամանակ  Սերժ Սարգսյանին «քցելու» մեջ եւ ընդդիմությանը ինֆորմացիա տրամադրելու մեջ։ «Սակայն սա չի նշանակում, որ նա հիմա ինչ ուզի կարա անի»,- ասաց նա։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող  Դանիել Իոաննիսյանն ասաց, որ ընտրությունների ժամանակ Արթուր Վանեցյանի հորեղբոր որդին՝ Տիգրան Վանեցյանը եղել է Ալեն Սիմոնյանի նախընտրական շտաբի պետը՝ Էրեբունի վարչական շրջանում։ «Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստացել, որ նույն այդ Թոխմախի Բաբոն (Բաբկեն Ղազարյանը), Վստրեչի Ապերը աջակցում են Ալեն Սիմոնյանին։ Մենք այդ ժամանակ է, որ սկսեցինք ուսումնասիրել Արթուր Վանեցյյանի եւ քրեական հեղինակությունների կապը։ Արթուր Վանեցյանն այսօր նաեւ ասել է, որ Սաշիկի մասով ինքը նախկինում բան չի արել, որովհետեւ իրեն թույլ չեն տվել, փաստորեն մարդը ով նախկինում պատվերով է աշխատել, ԱԱԾ սպա է, ինձ մեղադրում է, որ ես հիմա պատվեր եմ անում։ Նա պատվերով արդարադատություն է փորձել իրականացնել, ես ասում եմ այդ մարդը իրականության զգացումի հետ խնդիր ունի»,- եզրափակեց Դանիել Իոննիսյանը։

Հավելենք, որ անդրադառնալով քրեական հեղինակությունների հետ իր կապի մասին Իոննսյանի հայտարարությանը, Վանեցյանն ասել էր «Ես ճանաչում եմ Բաբկեն Ղազարյանին (Թոխմախի Բաբո), որը ՊԵԿ-ի մաքսային ծառայության գնդապետն է, աշխատել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ և ես աշխատել եմ Էրեբունի վարչական շրջանում   որպես ազգային անվտագության բաժնի պետ, և ի պաշտոնե՝ ես շփվել եմ  նրա հետ և այո, նորմալ հարաբերություններ ունեմ այդ անձի հետ: Արշակ Հակոբյանին (Վովայի Արշակ) ծանոթ եմ դեռևս 1996 թվականից, երբ ես ծառայում էի բանակում, իսկ ինքը աշխատում էր ռազմական ոստիկանությունումԱրշակ Հակոբյանի  հետ երբևէ  մտերիմ հարաբերություններ չեմ ունեցել: Արամ Վարդանյանի (Վստրեչի ապեր) հետ շփվել եմ մեկ կամ երկու անգամ գործնական, ինքը կատարել է իրավախախտում և ես իրեն բերման եմ ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն՝  հարցաքննության նպատակով: Այլ շփումներ այդ մարդկանց հետ չունեմ»։