Պետական ծառայությունների մատուցման ոլորտում պետք է վարվի միասնական քաղաքականություն. Տիգրան Ավինյան


Պետական ծառայությունների մատուցման ոլորտում պետք է վարվի միասնական քաղաքականություն. Տիգրան Ավինյան
Ապրիլ 26 12:06 2019

Ապրիլի 25-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել պետական ծառայությունների ոլորտի բարեփոխումների վերաբերյալ քննարկում: Քննարկմանը մասնակցել են Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:

Կառավարությունից   հայտնում են, որ ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ձեռնարկվելիք բոլոր բարեփոխումների հիմքը կառավարության ծրագիրն է, որով կառավարության առաջնային խնդիրների թվում են սահմանվել ոչ արդյունավետ, անհարկի բյուրոկրատական ընթացակարգերի կրճատումը, գործառույթների ծախսատարության գնահատումը եւ ծախսերի նվազեցմանն ուղղված շարունակական բարեփոխումների իրականացումը, պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի արդիականացումը, ավտոմատացումը եւ թվայնացումը, «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը։

Փոխվարչապետը հավելել է, որ հանրային ծառայությունների արդիականացումը ոչ միայն հնարավորություն կտա քաղաքացիներին լիարժեք իրացնել իրենց իրավունքները, այլեւ խթան կդառնա տնտեսական հեղափոխության համար։

Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ոլորտում առկա հիմնական խնդիրների շուրջ, հնչել են առաջարկություններ մատնանշված խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմների մշակման վերաբերյալ:

Կարեւորվել է, որպեսզի պետական ծառայությունների մատուցման ոլորտում ներդրվեն քաղաքացիների կարծիքը ստանալու, ծառայությունների մոնիտորինգի եւ արդյունավետության գնահատման մեխանիզմներ, պատշաճ վիճակագրական գործիքներ, որոնք հնարավորություն կտան իրական ժամանակում շտկելու առկա թերությունները, բարձրացնելու մատուցվող ծառայությունների որակը։

Տիգրան Ավինյանի կողմից շեշտվել է, որ պետական ծառայությունների մատուցման ոլորտում պետք է վարվի միասնական պետական քաղաքականություն, պետք է համախմբվեն բոլոր ջանքերը պետական ծառայությունների մատուցումը որակյալ, հասանելի եւ արդյունավետ դարձնելու ուղղությամբ։



loading...