Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման նախագիծը


Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման նախագիծը
Ապրիլ 25 21:18 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության Արեւելյան Եվրոպայի հարցերով բաժնի ղեկավար Դիրք Շաթշնայդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Փոխվարչապետը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը եւ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով դաշնային կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը։ Մհեր Գրիգորյանը երկրի զարգացման տեսանկյունից կարեւորել է նաեւ գերմանական երկու գործակալությունների` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ-/GIZ) եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW/ՎՎԲ) գործունեությունը Հայաստանում: Խոսելով երկու գործակալությունների ընթացիկ ծրագրերի մասին՝ փոխվարչապետը հատկապես ընդգծել է էներգետիկայի, ջրի կառավարման եւ գյուղապահովագրության ոլորտում իրականացվող ծրագրերի կարեւորությունը եւ դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ գոհունակությամբ խոսել իրավական խորհրդատվության ծրագրի արդյունավետության մասին:

Փոխվարչապետը ներկայացրել է նաեւ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ձեռնարկատիրության խրախուսման, նորարարությունների եւ թվային լուծումների վրա հիմնված գաղափարների իրացման նպատակով Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման նախագիծը, որտեղ նույնպես ակնկալվում է գերմանական կողմի հետ համագործակցություն:

Դիրք Շաթշնայդերը նշել է, որ հանդիպումը լավ առիթ է եւս մեկ անգամ վերանայելու համագործակցության օրակարգը եւ ուրվագծելու հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները:

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են հայ-գերմանական ֆինանսատնտեսական եւ տեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը եւ անդրադարձել հանձնաժողովի հաջորդ նիստի կազմակերպման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներին՝ ընդգծելով այդ հարթակի ակտիվացման անհրաժեշտությունը: