ՄԻԵԴ-ի վճռի իրավական հետևանքները


ՄԻԵԴ-ի վճռի իրավական հետևանքները
Ապրիլ 25 18:01 2019

ՄԻԵԴ-ը մասամբ բավարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատը, մասնավորապես, 2 մասով՝ Ազատության հրապարակի հանրահավաքի և այդ հավաքի հետ կապված պետության գործողությունները վիճարկելու կապակցությամբ․ այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Մեր հարցին՝ ինչպիսի՞ իրավական հետևանքներ կունենա այս վճիռը, Մելիքյանը պատասխանեց,-«Այս երկուսի մասով ինքնուրույն իրավական հետևանքներ չեմ պատկերացնում, որովհետև Սաղաթելյանի վերաբերյալ գործով այդ արձանագրումներն արվել են։ Պետությունը վճիռների կատարման 2 տեսակի պարտավորություն ունի․ առաջինը՝ ընդհանուր պարտավորություններ, երկրորդը՝ կոնկրետ պարտավորություններ։ Այս դեպքում պետությունը պետք է ներկայացնի, թե ինչպես է պատրաստվում կատարել»։

Մելիքյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վճռում ֆինանսական կողմ չկա, քանի որ չէր ներկայացվել արդարացի փոխհատուցման պահանջ։

«Մենք պետք է հիշենք, որ 2008 թ․-ից հետո էական փսփոխությունների է ենթարկվել մեր օրենսդրությունն այս հարցում։ Հավաքների ազատությունը մեր երկրում, համենայն դեպս վերջին տարիներին, երաշխավորված է։ Մեծ հաշվով ՄԻԵԴ-ի միջամտությունը այն է, որ մենք մարդու իրավունքների պաշտպանության խնդիր չունենանք, և փաստ է, որ մենք վերջին տարիներին այդ առումով համակարգային խնդիր չունենք»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ 3 ամիս ժամկետում հնարավորություն կա վճիռը բողոքարկել, հետևաբար պետք է սպասել իրադարձությունների զարգացմանը, որից հետո հնարավոր կլինի եզրակացություններ անել։

Վաչիկ Գրիգորյան