Միհրան Պողոսյանը՝ ՌԴ քաղաքացի՞


Միհրան Պողոսյանը՝ ՌԴ քաղաքացի՞
Ապրիլ 23 13:08 2019

Ռուսաստանում ձերբակալված Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու գործընթացն ապահովելու համար Գլխավոր դատախազությունն իրականացնում է անհրաժեշտ ընթացակարգերը։ Այս մասին երեկ հայտնել են կառույցի լրատվական ծառայությունից, հավելելով, որ պատրաստվում է դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որը նախատեսված ժամկետներում կներկայացնեն ռուսական կողմին:

Թե որքան ժամանակ կտեւի այս գործընթացը չի հստակեցվում։ Այս ամենին զուգահեռ մեզ  տեղեկություններ են հասել այն  մասին, որ Միհրան Պողոսյանը հանդիսանում է նաեւ ՌԴ քաղաքացի, եւ հետեւաբար արտահանձման հարցում հնարավոր է որոշակի խնդիրներ առաջանան։ Միհրան Պողոսյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ տեղեկատվություն սակայն ոչ գլխավոր դատախազության եւ ոչ էլ Հատուկ քննչական ծառայությունում չունեն։  Իրավապահ այս կառույցներից փոխանցեցին, որ իրենք նման ինֆորմացիա չունեն։

Հիշեցնեն, որ Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Սերժ Սարգսյանի իշխանության թիմակից, գեներալ մայոր Միհրան Պողոսյանը, որ Պանամայի օֆշորի սկանդալի կիզակետում էր հայտնվել դեռևս Հանրապետականի իշխանության օրոք, անցած շաբաթ որպես մեղադրյալ ներգրավվեց օֆշորի գործով: ՀՔԾ-ն նրա նկատմամբ հետախուզում հայտարարեց, իսկ դատարանն էլ բավարարեց նրան կալանավորելու միջնորդությունը:

Ի դեպ ՌԴ քաղաքացի է նաեւ հետախուզման մեջ գտնվող ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար։