Քաղաքականություն մտնելն ինքնանպատակ չէ. Իվետա Տոնոյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)


Քաղաքականություն մտնելն ինքնանպատակ չէ. Իվետա Տոնոյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)
Մարտ 24 21:32 2017

«Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, ով զբաղեցնում է դաշինքի համապետական ցուցակի 8-րդ հորիզոնականը:

 

Նրան ուղեկցում էր մտերիմ ընկերուհին՝ Վարդուհի Մելտոնյանը, ով «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողներից է: Վարդուհին Իվետային բնորոշել է և՛ որպես ղեկավար, և՛ որպես ընկեր. «Որպես ընկեր մեծ սիրտ ունեցող մարդ է, անսահաման բարի, որին կարող ես ապավինել ցանկացած հարցում՝ սկսած ամենաերջանիկ պահերդ կիսելուց, վերջացրած գլուխդ ուսին դնել լացելուց: Մարդ, որը, որպես ղեկավար, առաջին հերթին մտահոգ է իրեն շրջապատող բոլոր մարդկանց խնդիրներով: Հեռուստատեսությունում մեր գործընկերները կեսկատակ-կեսլուրջ միշտ ասում են, որ Իվետայի դռան մոտ միշտ հերթեր են գոյանում, քանի որ սկսած ամենաչնչին հարցից, վերջացրած ամենագլոբալ խնդիրներով բոլորը նրան են դիմում: Նա և՛ խստապահանջ ղեկավար է, և ղեկավար, որի հետ անսահման հեշտ է աշխատել՝ չնայած երիտասարդ տարիքին, շատ պրոֆեսիոնալ է ու կես բառից հասկանում ես իրեն»:

Իվետա Տոնոյանի հետ զրուցել ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:

-Իվետա՛, ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք մտնել մեծ քաղաքականություն, սա Ձեր ցանկությունն է, թե՞ Գագիկ Ծառուկյանի առաջարկը: 

-Ամեն ինչ շատ ինքնաբերաբար է ստացվել, առանց որևէ նախնական պայմանավորվածության կամ մտորումների: Եղել է պարոն Գագիկ Ծառուկյանի առաջարկը, որի համար ես իսկապես շատ զգացված եմ ու շնորհակալ նման վստահության համար: Սա միաժամանակ և մեծ պատիվ է ինձ համար և մեծագույն պատասխանատվություն: Կյանքում երբևէ, որևէ բան ինքնանպատակ չի եղել ինձ համար: Շուրջ 15 տարի գործնական լրագրության մեջ եմ եղել՝ սկզբում որպես լրագրող, հետո արդեն որպես հասարակայնության հետ կապերի բաժնի պետ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, այնուհետև պարոն Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականություններն եմ իրականացրել, հետո նաև «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայութան ղեկավարի պաշտոնն եմ ստանձնել:

Իմ աշխատանքային գործունեության բոլոր այս ոլորտները կապված են եղել իմ հիմնական մասնագիտության՝ լրագրության հետ, ինչի համար անասելի ուրախ եմ, քանզի չեմ հասցրել կարոտել իմ մասնագիտությունը: Քաղաքականությունը, սակայն, գործունեության միանգամայն այլ դաշտ է, որտեղ փորձելու եմ առավելագույնս օգտագործել իմ ներուժը, գիտելիքներն ու հմտությունները՝ ի նպաստ և ի բարօրություն մեր երկրի: Ինչպես ասում են, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է. Կապրենք կտեսնենք, թե որքանով է ասույթն իրականություն դառնում:

-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը՝ ապագա խորհրդարանում հայտնվելու առումով:

-Գրեթե բոլոր սոցիոլոգիական հարցումների արդյունքներով՝ «Ծառուկյան» դաշինքն այսօր ունի շատ բարձր վարկանիշ, ժողովրդական շատ մեծ վստահություն է վայելում՝ պարոն Ծառուկյանի գլխավորությամբ իհարկե: Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության, Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի՝ ВЦИОМ-ի հարցումների տվյալներով՝ «Ծառուկյան» դաշինքն այսօր բացարձակ առաջատար է, սակայն այս ամենով հանդերձ լավագույն սոցիոլոգիական հարցումը դա ժողովրդի այն անվերապահ սերն ու հարգանքն է, որով հանրապետության բոլոր մարզերում դիմավորում են պարոն Ծառուկյանին և Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչներին: Այս պահին արդեն քարոզարշավի կեսից ավելին արդեն հատել ենք և համաժողովրդական ընդունելությունն ու ջերմ վերաբերմունքը հիմք է տալիս տալիս ենթադրելու, որ Ծառուկյան Դաշինքը ստանալու է մեր բազմաթիվ հայրենակիցների վստահության քվեն և խորհրդարանում մեծ ներկայացվածություն է ունենալու:

-Ժողովուրդը Ձեզ որքանո՞վ է ճանաչում որպես պատգամավորի թեկնածու, ի՞նչ արձագանք ունեք, քարոզարշավի ընթացքում Ձեր անձնական ակտվիությունն ի՞նչ փուլում է:

- Առանձին, որպես պատգամավորության թեկնածու, ես քարոզարշավ չեմ իրականացնում, քանզի ի պաշտոնե քարոզարշավի ամբողջ ընթացքում ներկա եմ լինում բոլոր այն հանդիպումներին, որոնց մասնակցում է անձամբ Գագիկ Ծառուկյանը: Հանրությունը մինչև այս պահը ինձ ավելի շատ ճանաչում է որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ կամ որպես «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն: Քարոզարշավային բոլոր հանդիպումների ընթացքում բազմաթիվ են հանդիպումները տարբեր մարզերի բնակիչների հետ, նրանց հետ զրույցներում առաջնահերթ է Ծառուկյան դաշինքի կողմից նախանշված 15 կետերի հանգամանալից ներկայացումը, նրանց հուզող հարցերին պատասխաններ տալն ու բարձրաձայնված խնդիրների ու պրոբլեմների գույքագրումը՝ հետագայում դրանց անդրադառնալու, դրանց լուծման հարցում աջակցելու նպատակով:

 

Այդ ամենը հընթացս իրականացվում է: Ցանկացած հանդիպման ժամանակ հարյուրավոր մարդիկ ցանկություն են ունենում մոտենալու, շփվելու պարոն Ծառուկյանի հետ, նամակներ տալու նրան: Պարոն Ծառուկյանի հանձանարարությամբ նրանցից յուրաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերվում, առաջին հերթին մարդկային վերաբերմունքի տեսքով: Շատ դեպքերում մարդկանց համար ամենակարևոր հանգամանքը ուշադրությունն է, երբ նրանք զգում են, որ դիմացինն անտարբեր չի իր հոգսի նկատմամբ: Մենք ամեն ինչ անում ենք դրա համար և այս դեպքում բացարձակ կարևոր չէ, թե դա արվում է որպես պատգամավորության թեկնածու, թե որպես մարդ, ով հանդիսանում է Գագիկ Ծառուկյանի թիմի անդամ:

-Ո՞ր երեք հիմնական կետերից եք սկսելու Ձեր օրենսդրական գործունեությունը՝ խորհրդարանում հայտնվելու դեպքում:

-Գործունեության ինչ ոլորտում որ ես եղել եմ, երբևէ ցանկություն չեմ ունեցել իրադարձություններից առաջ ընկել: Կարծում եմ դեռ առիթներ կլինեն անելիքների մասին հանգամանորեն խոսելու: Սակայն եթե շատ հակիրճ պատասխանելու լինեմ, ապա պետք է ասեմ, որ անելիքները համալիր են Ծառուկյան դաշինքի ամբողջ թիմի համար՝ ստեղծել համապատասխան օրենսդրական դաշտ պարոն Ծառուկյանի կողմից բարձրաձայնված 15 կետերի կենսագործման համար: Քանզի դրանք այն խնդիրներն են, որոնց յուրաքանչյուրս ամեն օր՝ անկախ նրանից, թե ինչ սոցիալական ստատուս ունենք, ֆինանսական ապահովվածության շեմն ինչպիսին է, բախվում ենք: Այս ծրագրերի կենսագործումը այս փուլում միտված է բացառապես կանխելու այն սոցիալական, տնտեսական գահավիժման գործընթացը, որում այժմ գտնվում է մեր տնտեսությունը, որից հետո նոր միայն պետք է սկսել մտածել զարգացման ուղղությունների, ներդրումային ծրագրերի և մնացած ամեն ինչի մասին, ինչը կկարողանա ուղղել մեր տնտեսության կոտրված ողնաշարը:

-Այս փուլում նաև խոսվում է հետընտրական պրոցեսների մասին, կա՞ ուժ, որի հետ բացառում եք որևէ համագործակցություն, ընտրություններից հետո ԲՀԿ-ն շարունակելո՞ւ է իր ընդդիմադիր կեցվածքը:

-Ես չէի ուզենա իրադարձություններից առաջ ընկնել, որովհետև այսօր մեր ամբողջ ռեսուրսը՝ մտավոր, կազմակերպչական, բովանդակային կենտրոնացված է ընտրությունների մասնակցության գործընթացի առավելագույնս արդյունավետ և լավ կազմակերպելու վրա: Բոլոր այդ հարցերի պատասխաններին, կարծում եմ, անդրադառնալու ժամանակ դեռևս կլինի: Պարոն Ծառուկյանը բազմիցս նշել է, որ առաջնահերթ է դաշինքի կողմից բարձրաձայնված 15 կետերի իրականացումը: Այսօր կարևորագույն խնդիրը սա է: Այս պահին որևիցե ուժի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ քննարկում «Ծառուկյան» դաշինքում չկա:

-Ո՞րն է եղել ամենակարևոր խորհուրդը, որ ստացել ու փոխանցել եք երբևէ:

-Ուղղակի լինել մարդ... որովհետև մարդ կամ լինում են, կամ չեն լինում: Անկախ երիտասարդ տարիքից միշտ հասկացել եմ, որ բոլոր ոլորտներում հնարավոր է հաջողության հասնել, եթե դու պարզապես մարդ ես, ունես մարդկային վերաբերմունք, մարդկային արժեքներ և դրանք քարոզում ես ու փոխանցում նաև քեզ հարազատ մարդկանց: Ցանկացած գործում հնարավոր է հաջողել, եթե կա փոխադարձ հարգանք, փոխադարձ սեր և բացարձակ պետք չէ առաջնորդվել մտրակի քաղաքականությամբ: Անգամ ամենաբարդ ու դժվար իրավիճակներում հնարավոր է հաջողել մարդկային սկզբունքներով առաջնորդվելով:

-Ի՞նչն է կյանքում ամենից շատ երջանկացնում և ի՞նչի համար եք ամենից շատ շնորհակալ:

-Երջանկացնում է ընտանիքիս՝ ծնողներիս, քրոջս, եղբորս, հարազատ մարդկանց մշտական ներկայությունն իմ կյանքում և հենց դրա համար եմ շնորհակալ Աստծուն:

-Ի՞նչ ասելիք ունեք խորհրդարանական ընտրություններին Ծառուկյան դաշինքի պոտենցիալ ընտրողներին:

-Ուղղակի առաջնորդվեն խղճի մտոք: Այս օրերին տարբեր քաղաքական ուժերի կողմից շատ են հնչում անհավանական, անիրատեսական կոչեր, երկրաչափական պրոգրեսիայով խոստումներ են շռայլվում: Բայց հուսով եմ, որ ապրիլի 2-ին ընտրության գնացող յուրաքանչյուր ոք կունենա բավարար քաղաքացիական դիրքորոշում և ընտրություն կկատարի այն քաղաքական ուժի օգտին, ով իր անցած ճանապարհով է ապացուցել ժողովրդի կողքին մշտապես լինելու առաքելությունը:


Մտքերը շարունակելով…

Իմ կյանքը… ստացվել է..

Մի օր ես… կկարողանամ չշտապել:

Կյանքը մեկ օրում … հիասքանչ է:

Տարիների ընթացքում … ավելի իմաստուն կդառնամ…հուսով եմ (ժպտում է):

Իմ օրերի մեջ… կուզենամ չսխալվել:

Կարինա Սահակյան

Տաթև Այվազյան

Սևակ Սողոմոնյան/Ardmday.am