Սիլվա Համբարձումյանը առերեսվել է Վարդան Օսկանյանի հետ


Սիլվա Համբարձումյանը առերեսվել է Վարդան Օսկանյանի հետ
Մարտ 12 17:32 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ քննվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։ 

Այսօրվա նիստին որպես շահագրգիռ անձ ներկայացել է նաեւ խոշոր գործարար Սիլվա Համբարձումյանը: 

Մինչ նիստին մեկնարկ Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը երբևէ հակասական ցուցմունքներ չի տվել: Նա հայտարարեց, որ ոչ մի նոր անուն չի հնչելու բոլոր անունները հրապարակվել են:

Նա հայտնեց, որ առերեսվել է Վարդան Օսկանյանի հետ, բայց այս անգամ կաշառքի գործի շրջանակներում չի եղել առերեսումը:

Սիլվա Համբարձումյանը նաեւ ընդգծեց, որ ութ միլիոն դոլարը Արամ Հարությունյանին փոխանցումով է փոխանցել, մնացածը՝ կանխիկ:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։ 

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: 

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: