Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ի բակում հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որպեսզի գործարանի ղեկավարությունը իրենց 1 ամսվա աշխատավարձը կանոնավոր վճարի, ինչպես որ կնքված է աշխատանքային պայմանագրով։ Նրանք անհանգստացած են, որ չեն ստանա աշխատավարձերը և լուրջ խնդիրների առաջ կկանգնեն, քանի որ վարկեր, պարտքեր ունեն կուտակված:
Ինչո՞վ է պայմանավորված աշխատավարձերի ուշացումը եւ երբ այն լուծում կստանա, ArmDay.am-ը պարզաբանում ստացավ գործարանի տնօրինությունից։
«Աշխատավարձը չենք կարողանում վճարել ցեմենտի չվաճառվելու պատճառով: Հավաքվել, որոշել ենք, որ մի կերպ գումար հավաքենք,հունվար ամսվա աշխատավարձերը մարտի 5-ին վճարենք: Պարսկաստանից ցեմենտ են բերում էժան գնով վաճառում, բայց մեր ինքնարժեքը թույլ չի տալիս էժան գնով՝ 35.000 ով, վաճառել, դրա համար քիչ ենք վաճառում, օրը՝ հազիվ 15տ»,- մեզ հետ զրույցում ասաց «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Սուրիկ Միքայելյանը:
Նրա խոսքով՝ առաջին անգամ են նման փաստի առաջ կանգնել, այլ խնդիր չկա, ուշացումներ չեն եղել երբեք:
«Մարդիկ պարտքեր ունեն, վարկեր ունեն, կումունալ վճարները չեն կարողանում վճարել, դրա համար անհագստացած են, պահանջ են ներկայացնում, բայց մարտի հինգին կստանան: Եթե ցեմենտ էլ չվաճառվի, մենք մի ճանապարհ կգտնենք, կվճարենք,-ասաց փոխտնօրենը»:
Հարցին, թե հնարավո՞ր է նաև կրճատումներ լինեն գործարանում, Սուրիկ Միքայելյանը պատասխանեց, որ առայժ նման վտանգ չկա:
«Կրճատումներ չեն եղել գործարանում, սակայն եթե ցեմենտի վաճառքն այսպես շարունակվի, հնարավոր է նաև կրճատումներ լինեն,-ասաց նա:
Նշեք, որ «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի Գործարանն ունի 450 աշխատակից: