Թբիլիսիում ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Արցախյան ազատամարտի մասնակցի հուշարձանը


Թբիլիսիում ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Արցախյան ազատամարտի մասնակցի հուշարձանը
Փետրվար 8 20:03 2019

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով արցախյան պատերազմի մասնակից Միքայել Ավագյանի հուշարձանի ապամոնտաժումը, որը տեղադրվել է Ախալքալաքի Բուգաշեն գյուղում:

Բողոքի ցույցին մասնակցում են նաև մի քանի վրացիներ, որոնք կարծում են, որ Ավագյանը կռվել է Աբխազիայում։

«Դա կարելի է դիտարկել որպես սադրանք, քանի որ այն համաձայնեցված չի եղել կենտրոնական իշխանությունների հետ: Ես գիտեմ, որ նա անջատողական է եղել, նա կռվել է ձեր և մեր դեմ Աբխազիայում»,- ասել է հանրահավաքի մասնակիցներից մեկը` Գեորգի Գոգուան ադրբեջանական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Միևնույն ժամանակ Գոգուան նշել է, որ ինքը չգիտի՝ արդյոք Ավագյան հուշարձանը պետք է ապամոնտաժվի, թե ոչ:

Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավոր Ազեր Սուլեյմանովը նույնպես մասնակցում է ակցիային պնդելով, որ պետք է հրատապ ապամոնտաժել Միքայել Ավագյանի հուշարձանը: