Երևանի ավագանին իր այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի որոշում կայացրեց, որով որպես նվիրատվություն ընդունեց «Երևան 2800» մշակութային հիմնադրամի հաշվեկշռում ընդգրկված մոտ 85 մլն դրամ հաշվեկշռային արժեքով նոր տոնածառը համապատասխան լույսերով եւ խաղալիքներով՝ համաձայն հավելվածի:
Հարցը ներկայացրեց Երևանի աշխատակազմի քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը:
Նա նշեց, որ «Երևան 2800» մշակութային հիմնադրամը Ռուսաստանից ձեռք է բերել և Երևան տեղափոխել նոր արհեստական տոնածառ 35մ բարձրությամբ իր համապատասխան լույսերով և զարդարանքով 85 մլն դրամ արժեքով:
«Այն ձեռք է բերվել Երևանի 2800-ամյակի մշակութային միջոցառումների շրջանակում հոբելյանական տարվա տարեմուտը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:
«Երևան 2800» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը դիմել է Երևանի քաղաքապետին և խնդրել է նշված գույքը Երևան համայնքին նվիրելու համաձայնություն տալ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 597-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝նվիրառուն իրավունք ունի մինչև նվերն իրեն հանձնելը ցանկացած պահի հրաժարվել դրանից: Այդ դեպում նվիրատվության (նվիրաբերության) պայմանագիրը համարվում է լուծված: Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջացել Երան քաղաքի ավագանու որոշմամբ ընդունել Երևան համայնքին որպես նվիրատվություն հանձնվող գույքը»,-ասաց նա:
«Իմ քայլը» դաշինք խմբակցությունից Գայանե Մելքումյանը հետաքրքրվեց, թե իրավական ինչ հիմքերով է արվել գնումը, ինչին Արթուր Մկրտչյանը պատասխանեց, որ հիմնադրամի կողմից հարցում է կատարվել ԱՄՆ-ում, Չինաստանում և Ռուսաստանում գրանցված մասնագիտացված կազմակերպությունների:
«Չինական ընկերությունները ասել էին, որ օգոստոսից շուտ չեն կարող փոխանցել տոնածառը: Ամերիկյան ընկերությունն ասել էր, որ առավելագույնը 25 մետր բարձրությամբ տոնածառ կարող են տրամադրել: «Ռուսական երեք ընկերություններից երկուսը հրաժարվել էին մոնտաժի աշխատանքներ իրականացնել և գներն էլ ավելի բարձր էին: Իսկ այն կազմակերպությունը, որից կատարվել է գնումը, Մոսկվայի և Մերձմոսվայի քաղաքների տոնածառների 80 տոկոսն այդ կազմակերպությունն է տրամադրում: Այդ կազմակերպությունը նախորդ տարի տոնածառ է տրամադրել նաև Երևանի Ազատության հրապարակի համար»,-ասաց նա: