Տեխզննման կտրոնները թանկացել են. հայտնի է պատճառը


Տեխզննման կտրոնները թանկացել են. հայտնի է պատճառը
Դեկտեմբեր 20 23:19 2018

Տարեկան մեկ անգամ տեխզննության կտրոն ձեռք բերելու պարտադիր պահանջը տարեվերջին մեծ խնդիրներ է ստեղծել վարորդների համար, իսկ բանկերում կտրոնների պակասուրդ առաջացրել: Տեխզննման կտրոնի համար վճարում կատարելիս էլ վարորդներին հայտնի է դարձել, որ սակագինն է թանկացել:
Պատճառը բնապահպանական վճարի համար գանձվող հարկի բարձրացումն է: Վարորդները դժգոհում են, բայց չտուգանվելու համար պարտադիր վճարումները կատարում են:

Վարորդների խոսքով՝ այդ անտեղի գործընթացը՝ տեխնիկական զննությունը, իրականում տեղի չի էլ ունենում: Ավտոմեքենաների ոչ մի վարորդ, եթե պարտադրանք չկա, ինքնակամ չի տանում մեքենան տեխսպասարկման կայան՝ զննության, բայց փոխարենը փոքր թղթի համար հարկ վճարելը պարտադիր է:
Բանկից ձեռք բերած ու մեքենայի դիմապակուն փակցրած կտրոնը դեռևս չի նշանակում, որ մեքենան անվտանգ է: Վարորդներն իրենք են խոստովանում, որ անգամ կտրոն ունեցող մեքենաները, եթե խիստ զննության ենթարկեն, մեծ մասը հետագա շահագործման ենթակա չէ:

Հայաստանում տեխսպասարկում իրականացնող լիցենզավորված 33 կայան կա: Շիրակի մարզում գործում է երկուսը, թեև երկուսին էլ դիմում են միայն ուղևորատար տրանսպորտի վարորդները: Սեփական մեքենաների վարորդները դրա համար գումար ծախսել չեն ցանկանում, ավելի ճիշտ, ամեն մեկն իր մեքենայի տեխզննողն է:
Տարեսկզբից թանկացել է նաև տեխզննության կտրոնի վճարը: Նախկինում վճարումը կատարվում էր ըստ մեքենայի արտադրման տարեթվի, իսկ այժմ հաշվարկվում է ձիաուժով, ինչի արդյունքում էլ գինն է բարձրացել: Հաշվարկի ձևի փոփոխությունից բացի, ավելացել է նաև բնապահպանական հարկի դրույքաչափը ու այս դեպքում տարբերակում չի դրվում գազով, բենզինով կամ դիզվառելիքով շահագործվող ավտոմեքենաների միջև:

Շրջակա միջավայրի աղտոտման համար նախատեսված հարկից ազատվում են միայն կատալիզատոր ունեցող ավտոմեքենաները, բայց դրա առկայությունը դեռ պետք է հաստատել փաստաթղթով: Հիմա բոլոր վարորդների համար առաջնայինը մինչև տարեվերջ տեխզննման կտրոն ունենալն է:
Եթե չհասցնեն, ապա հաջորդ տարի կրկին գույքահարկ են վճարելու: Իսկ տարեվերջին բնորոշ ակտիվության պատճառով Գյումրիի որոշ բանկերում կտրոնների պակասուրդ է: