Այսուհետ «Սպայկա» ՍՊԸ-ին կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Այս մասին որոշում է ընդունվել այսօր կայացած կառավարության հերթական նիստում։
Այս ամենը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես արդյունք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Ծրագրի շրջանակներում կիրականացվի 28 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից 4,2 մլրդ ՀՀ դրամ՝ սեփական միջոցներից, 23,8 մլրդ ՀՀ դրամ՝ վարկային միջոցներից: Ինչպես նաև ծրագրի շրջանակում ստեղծվել է 1600 աշխատատեղ՝ 190 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Նախատեսվում է ստեղծել 300 նոր աշխատատեղ՝ 200 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 45 մլրդ ՀՀ դրամ, որից 15 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 25 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 5 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։
«Սպայկա»-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են գյուղմթերքի վերամշակման մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։










