Մամուլում հրապարակված լուրերի համաձայն՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը գերթանկարժեք բաճկոն է հագնում: Նույն հրապարակումների համաձայն՝ պարզվել է,որ բաճկոնը «Kiton» բրենդի ձմեռային հավաքածուից է, որի արժեքը ebay.com կայքում ավելի քան 59 հազար դոլար է։
Այս տեղեկությունը, սակայն ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հերքվել է։ ԱԱԾ պատասխանում մասնավորապես ասվում է․ «Արթուր Վանեցյանի բաճկոնն արժե ավելի քան 50 000 դոլար» վերտառությամբ հոդվածում նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Նշված բաճկոնը «Առևելլի» ապրանքանիշ է, որն արտադրված է Հայաստանի Հանրապետությունում «Արթուր Հարությունյան» ԱՁ-ի կողմից»։
Պարզելու համար, թե այնուամենայնիվ, որքան արժե տվյալ բաճկոնը, ArmDay.am-ը կապ հաստատեց «Արթուր Հարությունյան» ԱՁ-ի հետ, որտեղից հայտնեցին, որ 50.000 դոլարի մասին խոսք լինել չի կարող, սակայն թե ինչ արժե բաճկոնը, հրաժարվեցին պատասխանել:
«Չենք կարող հիշել բաճկոնի արժեքը,սակայն կարող ենք ասել, որ 50.000 դոլարը միանշանակ խելքին մոտ գին չէ: Մոտավորապես էլ այս պահին գինը չենք կարող ասել, երկրում չենք, խնդրում եմ, մի քանի օրից զանգահարել»,-պատասխանեցին ԱՁ-ից: