Իմ զինվորական պատասխանատվությունը և ճշտապահությունը անհրաժեշտ է նաև ԱԺ-ում. Ղուկաս Ուլիխանյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)


Իմ զինվորական պատասխանատվությունը և ճշտապահությունը անհրաժեշտ է նաև ԱԺ-ում. Ղուկաս Ուլիխանյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)
Մարտ 13 07:09 2017

«Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն է ԵԿՄ փոխնախագահ, Երևանի Նոր Նորք, Ավան Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքները ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Ղուկաս Ուլիխանյանը: Պատգանավորի թեկնածուին ուղեկցում էր նրա եղբայրը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ում խոսքով՝ իր ամբողջ կյանքում եղբայրն իր համար օրինակ է եղել. «Իմ ամբողջ կյանքում իմ ավագ եղբայրն ինձ եղել է ուղեցույց, խորհրդատու, բոլոր կարևոր հարցերի շուրջ առաջին հերթին իր հետ եմ խորհրդակցել: Այժմ եղբորս շանսերը ընտրություններում գնահատում եմ շատ բարձր և համոզված եմ, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի, քանի որ նրա անցած ճանապարհը նոր չէ, որ պիտի մենք տեսնենք և հենց առաջին ընտրատարածքի ժողովուրդն արդեն մեկ անգամ՝ 99 թ.-ին, վստահել է նրան»:

-Պրն. Ուլինխանյա՛ն, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից ո՞ւմ եք դիտարկում Ձեզ որպես մրցակից և արդյոք Ձեր պարագայո՞ւմ էլ է գործում այն տեսակետը, որ ռեյտինգային ընտրակարգը ներկուսակցական պայքար չի ենթադրում:

-Թիվ 1 ընտրատարածում ռեյտինգային 96 թեկնածու է առաջադրված, որոնցից մենք մեզ մրցակից չենք համարում 11-ին՝ 12-ը ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով են, մյուսներին մենք համարում ենք մեզ մրցակից և անելու ենք ամեն ինչ, որպեսզի կուսակցությունը ստանա մասքիմալ ձայներ։

-Կարծիք կա, որ Ընտրական օրենսգիրքը ռեյտինգային ընտրակարգով ընտրությունները քաղաքական դաշտից տեղափոխում է անձնական դաշտի պայքար, ի՞նչ կասեք այս մասին։

-Ընտրությունները, բնականաբար, ենթադրում են և՛ քաղաքական դաշտում պայքար, և ՛ անձնական, կարծում եմ, որ դա պետք է համատեղել։

-Ձեր ընտրատարածքում ՀՀԿ-ի ֆավորիտ թեկնածուները Ձեզնից բացի համարվում են ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը և ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ի՞նչ հարաբերություններ ունեք նրանց հետ, ինչպե՞ս եք գնահատում Ձեր և նրանց շանսերը։

-Ռոբերտ Սարգսյանի հետ ընկերական հարաբերություններ ունեմ, Միհրան Պողոսյանի հետ նոր եմ ծանոթացել։ Մեր շանսերը գնահատում եմ բավականին բարձր։

- Կուսակցությունների, թե՞ դաշինքների մեջ են Ձեր հիմնական մրցակիցները, ո՞ւմ եք համարում հիմնական թիրախ:

-Ե՛վ դաշինքների, և՛ կուսակցությունների, առավելապես դաշինքների, որովհետև կարող է տվյալ դաշինքը կամ կուսակցությունը ընդհանուր առմամբ թույլ լինել, բայց տվյալ ընտրատարածքում ուժեղ, դրա համար բոլորին էլ համարում ենք արժանի մրցակից։

-Ի՞նչն եք հատկապես կարոտում օրենսդիր գործունեությունից, ինչի՞ համար եք ուզում վերադառնալ խորհրդարան։

-Ես գտնում եմ, որ տվյալ դրական փոփոխությունների ժամանակաշրջանում շատ կարևոր է, թե ովքեր են լինելու ԱԺ-ում, դա և՛ ժողովրդի, և՛ երկրի համար է շատ կարևոր, դրա համար այդ զինվորական պատասխանատվությունը և ճշտապահությունը, որ ես ունեմ, անհրաժեշտ է նաև ԱԺ-ում: Վստահ եմ, որ պետք է իմ ունեցած գիտելիքները, փորձը ժողովրդին ծառայեցնել հատկապես ԱԺ-ում։ Իհարկե, ինձ դուր է գալիս օրենսդրական գործունեությունը, օրենքներ գրելը և այդ առոմով ինձ տեսնում եմ ավելի օրենսդիր մարմնում։

-Որո՞նք են լինելու 3 հիմնական քայլերը, որոնք պատրաստվում եք իրականացնել ԱԺ-ում։

-Ես ներկայացնում եմ ԵԿՄ-ն, գիտեք, որ ընդունվել է Երկրապահ կամավորականի մասին օրենքը և այդ օրենքը պետք է զարգացնել որոշակի արտոնությունների մասով: Առողջապահական բնագավառում աշխատած տարիներիս ես բավականին փորձ եմ կուտակել նաև այդ ոլորտում: Առողջապահության մասին օրենքներում, դեղերի մասին օրենքում պետք է կատարել  որոշակի փոփոխություններ և հենց առաջինը այդ երեք-չորս օրենքից էլ ես իմ գործունեությունը կսկսեմ ԱԺ-ում։

-ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք, քննարկե՞լ եք նրա հետ Ձեր առաջադրումը, այս փուլում զրույցներ ունենո՞ւմ եք:

-Իհարկե՛, մենք մարտական ընկերներ ենք, սա ԵԿՄ-ի առաջդրումն է և մեր վարչության նախագահը՝ զորավար Մանվել Գրիգորյանը, իհարկե, դրական է արտահայտվել, իր նախաձեռնությունն է նաև եղել իմ առաջադրումը: Երկրապահից ընդհանուր առմամբ 11 ռեյտինգային թեկնածու է ՀՀԿ-ի ցուցակով և այստեղ մենք համակարգային խնդիր ենք լուծում վիրավոր, զոհված ազատամարտիկների, մեր անհետ կորած ընկերների ընտանիքների սոցիալական խդիրների առումով և իրենց կիսատ թողած գործը մենք պետք է շարունակենք: Այստեղ է, որ մենք ընտրարշավ ենք բերում մեր զոհված ընկերների կիսատ թողած գործը շարունակելու տեսլականը։

-Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իրենք միակ ուժն են, որ դուրս են իշխանության վերահսկողությունից և որ իր նկատմամբ մեծ արշավ է սկսվել, ինչպես ե՞ք առհասարակ գնահատում նրա ընդդիմադիր կեցվածքը:

-Եթե դիտարկում ենք և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր գործիչներին, տեսնում ենք, որ ընդդիմադիր գործիչներից գրեթե բոլորը եղել են ժամանակին իշխանություն։ Լավ կլինի, որ յուրաքանչյուրը իշխանություն եղած ժամանակ արտահայտի այն մտքերը, ինչ արտահայտում է տվյալ պահին:

-Ինչպե՞ս եք որոշել մասնակցել պատերազմին, ո՞րն է ամենալուսավոր հիշողությունն ու կարևոր դասը, որ մնացել է պատերազմից հետո:

-88 թ. Ղարաբաղյան շարժման ժամանակ եղել եմ բժշկական ինստիտուտի ուսանող, այդտեղից էլ մասնակցել եմ այդ պրոցեսին, այնուհետև եկավ մի պահ, երբ հասկացանք, որ միայն միտինգներով չէ, որ կարող ենք Արցախը միացնել Հայաստանին, ազատագրել, այլ պետք են կոնկրետ գործողություններ: Անդամակցեցինք Նիկոլ Դուման երկարապահ ջոկատին և մասնակցեցի պատերազմական գործողություններին: Ամենավառ հիշողությունն այն է, երբ կարողանում ես հող ազատագրել։ Ես էլ մասնակցել եմ Կուբաթլուի, Ծաղկաբերդի ազատագրական մարտերին: Կարևոր դասը, որ թողեց պատերազմն այն է, որ հույսդ քո վրա պետք է դնես:

Ծաղակբերդի մարտերին վիրավորվելուց հետո, երբ ուղղաթիռով տեղափոխվում էի Հայաստան, խնդրեցի, որ ինձ տանեն Շտապ օգության հիվանդանոց, որտեղ մայրս աշխատում էր որպես ընդունարանի վարիչ, իսկ ես այնտեղ եմ աշխատել ինստիտուտ ընդունվելուց առաջ: Երբ ինձ տեղափոխեցին  հիվանդանոց, բժիշկները շատ մեծ հոգատարությամբ և սրտացավորեն ընդունեցին, բայց մի պահ զգացի, որ ինձ չեն ճանաչել։Դիմեցի իրենց, ասում եմ՝ Ղուկասն եմ, ո՞նց ինձ չեք ճանաչում, այդ պահին բոլորը միանգամից ուշքի եկան ու իրենց մեջ էր նաև մայրս։

-Ո՞րն է եղել ամենակարևոր խորհուրդը, որ ստացել ու փոխանցել եք երբևէ:

-Լինել ազնիվ, բարի և նպատակասլաց:

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ երջանկացնում և կյանքում ինչի՞ համար եք ամենից շատ շնորհակալ:

-Ամենից շատ շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ նման ընտանիքում է կյանք տվել, շնորհակալ եմ, որ այս ժամանակահատվածում ենք մենք ապրում: Հպարտ եմ, որ կարողացել եմ իմ համեստ լուման ներդնել մեր ազգի անկախության, ազգային ազատագրական շարժման պրոցեսում։ Ամենից շատ երջանկացնում են իմ երեխաները։

-Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները, ի՞նչ հետաքրքրություններ ունեն, արդյոք մտածե՞լ եք, որ նրանցից մեկը կարող է շարունակել Ձեր քաղաքական գործունեությունը։

-Ես ունեմ երկու աղջիկ, մեկ տղա, երեքն էլ բժշկական համալսարանում են ուսանում և հասարակական, ինչու չէ նաև քաղաքական ակտիվություն են ցուցաբերում և նրանք պետք է մեր գործի շարունակողը լինեն։

- Նախընտրական քարոզաշավի օրերին շփվելով հանրության հետ, ի՞նչ արձագանք ունեք:

-Արձագանքները բազմաթիվ են, ընդհուպ արտերկրից էլ բազմաթիվ արձագանքներ ունենք: Մեր ազատամարտիկ, մանկության ընկերները արձագանքում են և շատ ուրախալի է, որ նրանք հայտնում են պատրաստակամություն  ամեն ինչով օգտակար լինել մեր ընտրարշավին:

-Եթե փորձեք շարունակել արտահայտությունը, ապա ինչպե՞ս կավարտեք այն՝ եթե ոչ ես պիտի լինեմ ապագա խորհրդարանում, ապա ով պիտի…

-Դրա համար պարտավոր եմ ես լինել:

-Ի՞նչ ասելիք ունեք խորհրդարանական ընտրություններին Ձեր պոտենցիալ ընտրողներին:

-Ցանկանում եմ, որ իրենք կատարեն ճիշտ ընտրություն։ Ճիշտ ընտրություն կատարելու համար պետք է թեկնածուների կենսագրությունը մաքսիմում ուսումնասիրեն, որովհետև խոստումներով չէ, որ պետք է առաջնորդվել, այլ թեկնածուների անցած ճանապարհով, կատարած քայլերով, որը ամենաճիշտ ուղեցույցը կլինի ընտրողների համար։

Մտքերը շարունակելով...

Իմ կյանքը․․․ պետք է ծառայեցնեմ ժողովրդին:

Մի օր ես… արթնանամ հզոր, անվտանգ, առաջընթաց ունեցող Հայաստանում:

Տարիների ընթացքում․․․ ես տվել եմ Հայաստանին ամեն ինչ, ձեռք եմ բերել հպարտություն:

Կյանքը մեկ օրում․․․ չի ավարտվում, իհարկե, մեկ օրվանից է սկսվում կյանքը:

Իմ օրերի մեջ․․․ ամեն ինչ անել ի նպաստ մեր ժողովրդի բարօրության։

Կարինա Սահակյան

Տաթև Այվազյան

Նարեկ Ավանեսյան /Armday.am