Գաղութի պետից՝ ԱԺ պատգամավոր


Գաղութի պետից՝ ԱԺ պատգամավոր
Դեկտեմբեր 11 18:51 2018
7-րդ գումարման Ազգային Ժողովի պատկերն արդեն իսկ ուրվագծվում է։ Չնայած այն հանգամանքին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ պաշտոնապես չի ամփոփել ընտրությունների արդյունքները, սակայն հրապարակումների համաձայն նոր խոհրդարանը կունենա 132 պատգամավոր, որից 18-ը բաժին կհասնի «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Ուշագրավ է, որ այս կուսակցությունը արդեն իսկ հայտարարել է, որ ինքը միակ ընդդիմադիր խմբակցությունն է լինելու ԱԺ-ում։ Նկատենք, որ խորհրդարան անցել են երեք քաղաքական ուժ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Իմ քայլը» դաշինքը բացարձակ մեծամասնություն է կազմելու խորհրդարանում, կարող է եւ միայնակ ձեւավորել կառավարություն։ Այդ դեպքում ԱԺ անցած երկրորդ քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, եւս հանդես կգա ընդդիմադիր դիրքերից, ինչը ենթադրում է, որ Մարուքյան Էդմոնը մեղմ ասած սխալվել է, հայտարարելով, որ իրենք են միակ ընդդիմադիրները։
 
Բացի այդ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում հայտնված անձանցից մի քանիսը նախկինում սերտ կապեր են ունեցել Սերժ Սարգսյանի եւ նրա իշխանության հետ, եւ հանդես եկել իշխանական դիրքերից։ Խոսքն օրինակ Ռուբիկ Ստեփանյանի մասին է։ Վերջինս «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարկանիշային ցուցակով առաջադրել էր իր թեկնածությունը Կենտրոն վարչական շրջանում եւ ստացել է անցողիկ ձայներ։
Ռուբիկ Ստեփանյանը զբաղեցրել է «Նուբարաշեն» քրեականատարողական հիմնարկի պետի պաշտոնը, եւ պաշտոնանկ արվել 2016 թվականին։ Այդ ժամանակ նաեւ քրեական գործ հարուցվեց։
 
Մասնավորապես «ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների պահպանման վիճակը ստուգելու նպատակով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք առերևույթ պարունակում են տեղեկություններ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:
 
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ: Հասկանալի հանգամանքներով գործը կարճվեց, եւ մեղավորները այդպես էլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում չհայտնվեցին, հատկապես՝ այլ կարգավիճակով։
Թե Ստեփանյանի որ հատկանիշներն է հաշվի առնելով «Լուսավոր Հայաստանի» «ընդդիմադիր» առաջնորդը նրան ընդգրկելով իրենց ցուցակ, եւ այդ կերպ տվել քրեակատարողական հիմնարկից՝ պատգամավորի աթոռին բազմելու հնարավորություն, ցույց կտա ժամանակը։
Հավելենք, որ մամուլում եւ սոցիալական ցանցերում գրառումներ եղան այն մասին, որ Էդմոն Մարուքյանը «Լուսավոր Հայաստանի» անցողիկ տեղերը «քեշ» փողով ծախել է։
 
ArmDay.am