ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակին նվիրված երկու նամականիշ ու Հատուկ ծրար Է մարվել


ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակին նվիրված երկու նամականիշ ու Հատուկ ծրար Է մարվել
Դեկտեմբեր 3 16:33 2018

Հայաստանի Նախագահի նստավայրում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ և Հատուկ ծրար՝ նվիրված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային:

Նամականիշերն ունեն 160 և 170 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը` յուրաքանչյուրը 30 000 տպաքանակով: Նամականիշերի և Հատուկ ծրարի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:

«Հայփոստ»  ընկերությունից մանրամասնում են, որ  նամականիշերի վրա պատկերված են մրցանակակրին տրվող ոսկե մեդալը և հուշախորհրդանիշը:

Հատուկ ծրարի վրա պատկերված է 2018 թվականին ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 9-րդ դափնեկիրը՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը: Հատուկ ծրարի վրա պատկերված են նաև նախորդ տարիների ութ մրցանակակիրները:

Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որին փակցված է 2018 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշ և որը մարվելու է Հատուկ դրոշմակնիքով:

Փոստային նամականիշերի և Հատուկ ծրարի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 9-րդ դափնեկիր Ջեյմս Թրուշարդը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Թողարկման օրը` 30 նոյեմբերի 2018թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշերի չափսերը` 30,0 x 40,0 մմ
Տպաքանակը՝ 30 000 հ. x 2