Իրանում մեծարել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերար Սեդրակ Նազարյանին


Իրանում մեծարել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերար Սեդրակ Նազարյանին
Նոյեմբեր 30 13:20 2018

Իրանում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել հայտնի արվեստագետ, «Հայաստան» հիմնադրամի բարերար Սեդրակ Նազարյանի մեծարման երեկոն: Ինչպես տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից,  իրանահայ նկարիչ, ռեստավրատորը «Հայաստան» համահայկական հիմնադրամի  այս տարվա հեռուստամարաթոնին հանգանակել էր 120 հազար ԱՄՆ դոլար:

Իրանում Հայաստանի դեսպանը Սեդրակ Նազարյանին հանձնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Իրանի տեղական մարմնի գնահատանքի վկայականը: Դեսպան Արտաշես Թումանյանն ընդգծել է Սեդրակ Նազարյանի օրինակելի հայրենանվեր, համեստ և ազնիվ կեցվածքը: Բարերար արվեստագետը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ ընդամենը կատարել է իր հոգու պարտքը և բացարձակապես չի ակնկալում իր անձի նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունք կամ մեծարում: Անվանի նկարչին երախտիքի խոսք է հայտնել նաև Իրանում Հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը:

 

Արվեստագետ Սեդրակ Նազարյանը հեղինակավոր անուն է Իրանում՝ որպես թանգարանային հին և արժեքավոր գեղանկարների նորոգման բնագավառում 40 տարվա վաստակ ունեցող մասնագետ: Նա միաժամանակ շուրջ 35 տարի դասավանդել է Թեհրանի համալսարանի ճարտարապետության բաժնում: Վերջին տարիներին Սեդրակ Նազարյանը լիովին նվիրվել է թանգարանային գեղանկարների վերանորոգման աշխատանքին: Նա է իրականացրել Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի որմնանկարների վերամշակումը: