Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի ներկրումը։ Ներկրող ընկերություններն արդեն զգուշացվել են, որ այլևս չեն կարող անցնել Վրաստանի տարածքով։ Փոխադրումները պետք է իրականացվեն միայն Փոթիի նավահանգստով։
Ցորենի և ալյուրի հնարավոր թանկացման հարցն այսօր քննարկվել է նաև խորհրդարանում։ Սևանից լրացուցիչ ջրառի մասին օրինագծի քննարկման ընթացքում պատգամավորներից ոմանք հանդես են եկել նաև այս հարցի շուրջ հայտարարություններով։ Մասնավորապես, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն ասել է, որ հարցի շուրջ խոսել է հացահատիկ ներկրողների հետ և հանգել այն եզրակացության, որ հացահատիկի թանկացումը սեպտեմբերի 15-ից հետո անխուսափելի կլինեն։
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ այդ հարցով արդեն կապ է հաստատել Վրաստանի խորհրդարանականների հետ, իսկ սեպտեմբերին նախանշված է նաև երկու երկրների պատգամավորների հանդիպումը` նշված հարցի քննարկման նպատակով։ Այդուհանդերձ, Շարմազանովը շեշտել է, որ այս հարցում առաջինը քայլեր պետք է ձեռնարկի գործադիր իշխանությունը։
Հարցի վերաբերյալ լուրջ մտահոգություններ են առաջացել նաև հանրության շրջանում։ Հնարավոր գնաճի և տնտեսական խնդիրների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Armday.am-ը կապ հաստատեց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Խեչոյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ խնդրով իրենք ևս մտահոգված են, և արդեն իսկ աշխատանքներ են ընթանում այդ ուղղությամբ։
«Մեր մասնագետները տեղյակ են, մենք էլ ենք հետևում այդ գործընթացին։ Այս պահին մենք չենք կարող պաշտոնական հայտարարություն անել, բայց մենք պետք է հասկանանք ինչ վնասներ են սպասվում, ինչ պետք է անել դրանք նվազեցնելու համար, և մեր մասնագետները այդ երկու հարցերի շուրջ քննարկումներ են անցկացնում։ Այս որոշումը մեր հարևան պետությունն է կայացրել և մենք չենք կարող որևէ կերպ միջամտել։ Սա միայն մեր նախարարության խնդիրը չէ, սա նաև մաքսայինի, այլ գերատեսչությունների և ողջ պետության խնդիրն է»,- նշեց Անահիտ Խեչոյանը։
Վաչիկ Գրիգորյան










