Պետական եկամուտների կոմիտեում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել ՊԵԿ ղեկավարության հանդիպումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Ժակսիլիկովի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետությունների միջեւ ինտեգրման հետագա զարգացմանը եւ համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել ԵՏՄ շրջանակում անդրսահմանային առեւտրի ժամանակ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկման գործընթացին: Այս առնչությամբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ չնայած ՀՀ ձեռնարկատերերի համար արդեն իսկ ներդրվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի հաստատման պարզեցված գործընթացը՝ հնարավորություն կա նաեւ ներդնելու առավել պարզ եւ միաժամանակ արդյունավետ մեխանիզմներ Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում: Այս նպատակով ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվել է «Էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը եւ ԵԱՏՄ անդամ պետություններում դրանց փոխադարձ ճանաչումը» նախաձեռնությունը, որի շրջանակում ներկա փուլում նախատեսվում է կատարել գիտահետազոտական աշխատանքներ:










