«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին Սևանում 26-ամյա երիտասարդին դաժանորեն սպանած անձինք վրացիներ են:
Սպանված երիտասարդը, ով Գյումրու բնակիչ էր, իր սեփական ավտոմեքենայով տաքսի ծառայություններ է մատուցել, իսկ դեպքի օրը Գյումրիում 3 անձանց պատվերով վերջիններիս տեղափոխել է Սևան:
Մեզ հայտնի դարձավ նաև, որ երիտասարդի ավտոմեքենան նստած ուղևորներից երկուսը եղել են ամուսիններ, իսկ մի տղամարդը՝ նրանց ընկերը:
Պարզվում է նաև, որ ուղևորները գտնվել են ոգելից խմիչքի ազդեցության տակ և երբ տաքսիստը ճանապարհին ավտոմեքենան կանգնեցրել է, նրանք ընդվզել են, և արդյունքում վիճաբանություն է ծագել:
Այս ամենից հետո էլ քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել տաքսիստի գլխին, ինչի հետևանքով էլ վերջինս մահացել է:
Ինչպես հայտնի դարձավ, տաքսի ավտոմեքենան նստած ամուսիններն արդեն կալանքի տակ են:
Դեպքի վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակցի հարցին ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործով դեպքի հանգամանքները պարզվում են և այս պահին 2 անձի մեղադրանք է առաջադրվել, ևս մեկի նկատմամբ՝ հետախուզում է հայտարարվել:
ՔԿ-ից հաստատեցին, որ մեղադրյալները ազգուցամբ վրացի են։
Հիշեցնենք, որ Մայիսի 31-ին Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել էր 26-ամյա երիտասարդի դի՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:










