Երևի բոլորն են նկատել, որ ցանկացած տուն բուրում է յուրովի, և հոտերը կարող են լինել ամենաբազմազանը: Եթե բնակիչները կերկակրի սիրահար են, տունը բուրում է խոհանոցային հոտերով, եթե տանը կենդանիներ են պահվում, ապա նրանց հոտն է գերակշռողը, ծխելու սիրահարների տանը ամենուր ծխախոտի հոտն է...
Տան բնակիչները սովորում են հոտերին և գուցե ամենևին էլ չեն զգում, սակայն հյուրերի համար տհաճ հոտերը կարող են վատ տպավորություն թողնել տան բնակիչների նկատմամբ:
Տհաճ հոտերից ազատվելու ամենապարզ տարբերակը սենյակները պարբերաբար օդափոխելը և օդի թարմացուցիչներից օգտվելն է: Որպեսզի հոտերը չթափանցեն կահույքի, հագուստի, գորգերի և վարագույրների մեջ, անհրաժեշտ է խոնավ մաքրում իրականացնել: Կահույքին և գորգերին բուրումնավետ հեղուկ ցանեք, հագուստի պահարաններում հաճելի հոտ արձակող հարմարանքներ տեղադրեք: Դա անելու դեպքում ոչ միայն կազատվեք տհաճ հոտերից, այլև հաճելի բուրմունք կտարածվի:
Կերակուր պատրաստելուց հետո բացեք խոհանոցի օդանցքը կամ լուսամուտը, իսկ սառը եղանականերին կարելի է լավանդայի հեղուկը կաթեցնել անձեռոցիկի վրա և կախել խոհանոցի դռանը: Լավանդայի բույրը կվերացնի կերակրի ցանկացած տեսակի հոտ:
Եթե միկրոալիքային վառարանում տհաճ հոտ է հայտնվել, վերացրեք այն կիտրոնի օգնությամբ: Միացրեք վառարանը և կես րոպե նրա մեջ տեղադրեք կիտրոնի հյութով լի բաժակ: Եթե ձեզ դուր չի գալիս կիտրոնի բույրը, դրա փոխարեն կարող եք օգտագործել նարնջի կեղևներ: Կեղևները տեղադրեք միացված վառարանում, պահեք 2 րոպե, անջատեք վառարանը, սակայն կեղևները թող այտնեղ մնան ողջ գիշեր:
Եթե ձկան սիրահար եք, և դրա հոտը ներթափանցել է սպասքի և հագուստի մեջ, և՛ սպասքը, և՛ հագուստը ողողեք քացախաջրում կամ կիտրոնաջրում: Ձկան հոտը ձեռքերից անցկացնելու համար, ափերի մեջ տրորեք սուրճի հատիկներ:
Սառնարանից տհաճ հոտերը վերացնելու համար, կերակրի սոդայով բաժակ տեղադրեք այնտեղ: Դա երկար ժամանակ կազատի տհաճ հոտերից: Եթե սառնարանում ուրցի ճյուղ տեղադրեք, այն հաճելի խոտի բույր կտարածի:
Ծխախոտի հոտից ազատվելը բավականին բարդ է, սակայն որոշ միջոցներ գոյություն ունեն: Տան բոլոր հատվածներում խոնավ ավազ տեղադրեք՝ սուսամբարով, ուրցով և ռեհանով: Ծխախոտի հոտը ժամանակի ընթացքում ոչ միայն կանցնի, այլև նոր ծխած ծխախոտի հոտը չի զգացվի:
Եթե ցանկանում, որպեսզի հագուստից հաճելի բույր զգացվի, արդուկի մեջ ջրի հետ ավելացրեք ձեր նախընտրած անուշաբույր յուղը: Այսիպիսով հագուստից մշտապես հաճելի և նուրբ բույր կզգացվի:










