Այսօր երկու դատերն էլ հետաձգվեցին, որոնց պարագայում պետք է քննարկվեր կալանքը որպես խափանման միջոց շարունակելու կամ չշարունակելու հարցը։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիրգյանը՝ անդրաֆառնալով Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների այսօր ակնկալվող դատական նիստին։
Գրիգորյանն այն համոզմանն է, որ որևէ անհրաժեշտություն չի եղել ի սկզբանե կալանքի տանելու ՀՀ երկրորդ նախագահին և նրա որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։« Սեդրակ Քոչարյանի կալանավորումը մեկ նպատակ է ունեցել՝ ճնշում գործադրելու նախագահի և իր քաղաքական հետագա գործունեության վրա։ Բայց ինչո՞ւ ենք ասում, որ հիմնավորված չէ, նախ՝ ընդամենը սովորական ինչ-որ տնտեսական հանցագործություն են փորձել կարել։ Նույնիսկ այդ պարագայում որևէ կերպ կալանքն ընկալելի չէ։ Փաստացի ժամկետանց գործերի, վաղեմության ժամկետն անցած գործերի մասին ենք հիմնականում խոսում։ Հիմա որևէ մեկը հոդաբաշխ կերպով կարո՞ղ է բացատրել, թե, օրինակ, նախագահ Քոչարյանը ո՞նց կարող էր խոչընդոտել գործի ընթացքին, եթե լիներ տնային կալանքի տակ»,- նշեց պատգամավորը։
Նա մանրամասնեց, որ Ռոբերտ Քոչարյանն իր սահմանադրական պարտականություններն է իրականացրել՝ վավերացնելով կառավարության որոշումը։«Հիմա ի՞նչ պետք է աներ՝ գնար այդ կառավարության որոշումը ճղեր, ո՞նց պետք է խոչընդոտեր՝ երկրից դուրս գալով։ Ի վերջո խոսում ենք նախագահ Քոչարյանի մասին, ով 18 թ․-ին, լավ իմանալով, իրեն զգուշացրել էին, որ կարող է կալանավորվել, վերադարձել է Հայաստան։ Այսինքն՝ խոսել նրա մասին, որ ինքը կարող էր Հայաստանից գնալ՝ ուղղակի «աբսուրդ» է։ Կառավարության որոշումը փաստացի գոյություն ունի, այն որևէ կերպ հնարավոր չէ չեղարկել, պատռել, դեն նետել և դրանով կասեցնել գործի ընթացքը։ Այսինքն՝ ուղղակի անտրամաբանական է»,-նշեց Գրիգորյանը։










