«Հայփոստ»-ը հրաժարվում է ցանկացած նամակ ուղարկել, որը կապված է Հայաստանից դեպի Ադրբեջան կոմունիկացիայի հետ. Սիրանուշ Սահակյան


«Հայփոստ»-ը հրաժարվում է ցանկացած նամակ ուղարկել, որը կապված է Հայաստանից դեպի Ադրբեջան կոմունիկացիայի հետ. Սիրանուշ Սահակյան
Հոկտեմբեր 16 15:19 2026

«Հայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից, ինչը կրկին հանցագործներին ներհատուկ երաշխիք է փակ հաստատություններում պահվելու պարագայում»,- «Վերադարձ հայ գերիների» միջազգային  համաժողով ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նա հիշեցրեց, որ Արցախի նախկին պետնախարար, այժմ Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը նախաձեռնություն էր սկսել, որտեղ գերիներին նամակ ուղարկելու մտադրություն ունեցող անձինք կարող էին որոշակի հասցեներով ուղարկել այդ նամակները։

«Դրանք հավաքագրվել են, ուղարկվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ կառավարական ճանապարհով Ադրբեջանում պահվող մեր գերիներին հասցնելու նպատակով, քանի որ ընտանիքները, հարազատները, ընկերները զրկված են ուղիղ այդ քրեակատարողական հիմնարկ կամ իրենց ՄԻՊ-ի միջոցով նամակ ուղարկելու հնարավորությունից:

Այստեղ կրկին ունեցանք հակասական տեղեկատվություն: Կառավարությունը նշեց, որ կարող են «Հայփոստ»-ի միջոցով ուղիղ հասցեագրել Ադրբեջանին: Նշեմ, որ մենք բազմաթիվ տարիներ միշտ նման փորձարկումներ ունենք, արել ենք և ներկայումս էլ անում ենք, ունենք ապացույցներ, որ «Հայփոստ»-ը հրաժարվում է ցանկացած նամակ ուղարկել, որը կապված է Հայաստանից դեպի Ադրբեջան կոմունիկացիայի հետ, և նաև եղավ «Հայփոստ»-ի պաշտոնական պարզաբանումը։

Սրանք ապացույցներ են, որոնք ևս վկայում են, որ նամակագրության ազատությունը սահմանափակված է, կա բացառիկ բնույթի մեկուսացվածություն»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ նախօրեին կայացած ճեպազրույցում Փաշինյանն ասել էր. «Բաքվում պահվող հայերին հասցեագրված 1254 նամակները պետք էր ոչ թե փոխանցել Հայաստանի կառավարությանը, այլ ուղարկել փոստային ծառայության միջոցով։

Չգիտեմ՝ ինչ որոշում է կայացվել, բայց, ճիշտն ասած, դա տարօրինակ է։ Եթե կան նամակներ, ինչո՞ւ դրանք չեն ուղարկում փոստով։ Դրա համար գոյություն ունեն փոստային ծառայություններ, որոնք կարող են դա անել։ Ինչո՞ւ պետք է մենք հանդես գանք որպես միջնորդ»։