«Այսօր մեծ պատիվ ունեցանք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ համատեղ հանդիսավորությամբ բացելու COP17-ի Կապույտ գոտում Հայաստանի ազգային տաղավարը»,-տեղեկանում ենք ԾՄՆ նախարար Համբարձում Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից։
«Առանձնահատուկ պատիվ էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացնել Հայաստանը՝ իր հարուստ ու բազմազան բնաշխարհով, հազարամյա պատմությամբ, մշակութային ժառանգությամբ և ազգային ինքնությամբ։
Տաղավարում փորձել ենք մեկտեղել այն ամենը, ինչով առանձնահատուկ է մեր երկիրը՝ բնության բացառիկ գեղեցկությունը, պատմամշակութային հարուստ ժառանգությունը, դարերի ընթացքում ձևավորված ավանդույթներն ու արժեքները։
Համաժողովի ընթացքում Հայաստանի ազգային տաղավարը կդառնա մեր երկիրը միջազգային հանրությանը ներկայացնելու, Հայաստանի բնության ու մշակույթի հարստությունը բացահայտելու, ինչպես նաև նոր կապեր հաստատելու և համագործակցության հնարավորություններ ստեղծելու կարևոր հարթակ։
Սա ևս մեկ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու Հայաստանը՝ որպես հարուստ բնությամբ, ինքնատիպ մշակույթով և պատմական ժառանգությամբ երկիր, որը հյուրընկալում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված համաշխարհային կարևորագույն համաժողովներից մեկը»։










