Ո՞րն է վերջնակետը, երբ նստում եք դեպի Եվրոպա ընթացող այս գնացքը։ Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին հարցրել է «Կիսապատրա՞ստ, թե՞ քայլ առ քայլ մոտեցում. վերանայելով ԵՄ ընդլայնումը» խորագրով ԵՄ ընդլայնման հեռանկարներին նվիրված պանելային քննարկման մոդերատորը։
«Վախենամ՝ հիասթափեցնեմ Ձեզ, բայց կարծում եմ՝ ոչ ոք չգիտի։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ էլ անդամ պետությունները։ Թույլ տվեք բացատրել իրական իրավիճակը։ Հայաստանում, եթե լիովին անկեղծ լինենք, ԵՄ անդամակցության վերաբերյալ լուրջ քննարկումները նոր են սկսվել։ Մենք այս հարցի շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ, թեև 2025 թվականի գարնանն ընդունել ենք Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Սա հայկական կողմի ընկալումն է»,-ի պատասխան ասել է Արարատ Միրզոյանը։
ՔՊ-ական գործիչն այս գործընթացում չափազանց կարևորել է Հայաստանի հարևանների գործոնը։
«Եկեք թվարկենք մեր հարևաններին։ Ադրբեջան. մենք նոր ենք հաստատել խաղաղություն և սկսել երկկողմ առևտուրը։ Մենք բացում ենք միմյանց տարածքները փոխադրումների և տարանցման համար, ապաշրջափակում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները։ Սակայն դեռևս կան մի շարք զգայուն հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Արևմուտքում Թուրքիան է, որի հետ մենք շատ ինտենսիվ երկխոսություն ենք վարում։ Մենք կարգավորում ենք հարաբերությունները, սակայն սահմանը դեռևս փակ է։ Հարավում Իրանն է՝ իր բարդ տարածաշրջանային միջավայրով, հանգամանքներով և խնդիրներով։ Հյուսիսում Վրաստանն ու Ռուսաստանն են։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարող եք պատկերացնել հնարավոր արձագանքը և այդ երկրի հետ հարաբերությունների առանձնահատկությունները։ Պատմականորեն մենք շատ սերտ հարաբերություններ ենք ունեցել և այսօր էլ պահպանում ենք ամուր կապեր, սակայն հնարավոր արձագանքը պետք է պատշաճ կերպով կառավարել։ Ոչ ոք չի ցանկանում նոր թշնամիներ ձեռք բերել, և մենք որևէ երրորդ կողմի վնաս հասցնելու շահագրգռվածություն չունենք։
Ինչ վերաբերում է Վրաստանին, պատկերացրեք, թե որքան ավելի հեշտ կլիներ իրավիճակը, եթե Վրաստանը շարունակեր ԵՄ ինտեգրման իր ուղին։ Դա էական փոփոխություն կբերեր և կփոխեր նաև այս բեմում արտաքին գործերի նախարարի հետ մեր քննարկման բնույթը։
Այսպիսով, վերադառնալով հիմնական հարցին՝ կարծում եմ, որ ոչ ոք չգիտի վերջնական նպատակակետը։ Սակայն լավ նորությունն այն է, որ, առնվազն իմ տպավորությամբ, մենք երկուսս էլ՝ Հայաստանը և Եվրոպական միությունը, ներառյալ անդամ պետությունները, հաճույք ենք ստանում այս գործընթացից։ Ուստի եկեք վայելենք այս ջերմ հարաբերությունները, բացահայտենք նոր հնարավորություններ և համագործակցության նոր շերտեր, իսկ ապագայում ինչ-որ պահի միասին կքննարկենք՝ արդյոք պետք է «ամուսնանանք», թե ոչ»,-ասել է Միրզոյանը։










