Այսօր քաղաքապետարանում ոչ մի տոկոսով աշխատավարձի բարձրացում տեղի չի ունենում: Այս մասին հայտարարել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
«Մենք այսօր պարզապես ֆիքսելու ենք գործակիցները, որոնցով հնարավոր կլինի հաշվարկել աշխատավարձի չափերն արդեն բյուջեով։ Այսօր պարզապես գործակիցներն ենք ֆիքսում, ինչը տեղի է ունենում ամբողջ պետական համակարգում և մյուս տեղական ինքնակառավարման մարմիններում՝ մարզերում, և Երևանը չի կարող անմասն մնալ այդ պրոցեսից»,- ասել է Արմեն Գալջյանը և հավելել, որ գործակիցները ֆիքսելով՝ հնարավոր կլինի հետագայում հաշվարկել աշխատավարձերի չափերը։
«Ուզում եմ մի փաստ հնչեցնել, քանի որ մամուլում շատ գրվեց, որ քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացում է տեղի ունենում։ Իրականում, եթե մենք համեմատենք աշխատավարձ/պարգևավճար համադրությունը, ապա ֆիքսված թվերով, ըստ էության, երևի մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում»,- շեշտել է նա և ընդգծել, որ թյուրընկալման տեղիք է տրվել։
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ասել էր ՔՊ-ն որոշել է շեշտակի բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը։










