Ռուսաստանի ուժեղացած հարձակումների ֆոնին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն բնակիչներին խորհուրդ է տվել հնարավորության դեպքում ժամանակավորապես հեռանալ մայրաքաղաքից և տեղափոխվել Ուկրաինայի այլ քաղաքներ։
«Ամեն օր նոր տեղեկություններ ենք ստանում ավերված շենքերի, վիրավորների ու զոհերի մասին։ Մեր քաղաքի վրա հարձակումներն ուժեղանում են։ Այսօր արդեն խոսքը գոյատևման մասին է», - AFP-ին տված հարցազրույցում ասել է Կլիչկոն։
Նա նշել է, որ Կիևի իշխանությունները ձմռան համար պահեստային ջեռուցման համակարգեր են կառուցում և վառելիքի, սննդի ու խմելու ջրի պաշարներ կուտակում:
Կլիչկոն, սակայն, զգուշացրել է, որ որքան էլ Կիևի իշխանություններն ու բնակիչները լավ պատրաստվեն, եթե ՀՕՊ համակարգը չաշխատի, իրենք կարող են վատ իրավիճակում հայտնվել:










