Հայաստանում երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման պետական աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի հերթականությունից և վարկի մնացորդային գումարի չափից։
Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը` ներկայացնելով ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագրի առաջարկվող փոփոխությունները։
Նախարարը հիշեցրեց, որ գործող ծրագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այժմ աջակցությունը սկսվում է 500 հազար դրամից և ավելանում՝ կախված երեխայի հերթականությունից։
Նախարարությունն առաջարկում է բոլոր շահառուների համար սահմանել 1 մլն դրամի միասնական աջակցություն։
«Նախատեսվում է նաև բարձրացնել բնակարանի արժեքի առավելագույն շեմը՝ 35 մլն դրամից հասցնելով 40 մլն դրամի»,– ասաց Թորոսյանը։
Նշենք, որ գործող կարգավորմամբ ծրագրից օգտվելու համար ընտանիքը չպետք է ունենա այլ բնակելի գույք։ Ըստ նոր նախագծի` առաջարկվում է լրացուցիչ պահանջ սահմանել․ ընտանիքը չպետք է նաև դիմելուն նախորդող 12 ամիսների ընթացքում բնակելի գույք օտարած լինի։
«Փոփոխության նպատակն է կանխել այն դեպքերը, երբ ընտանիքը նախապես օտարում է իր բնակելի գույքը՝ պետական աջակցությունից օգտվելու պայմաններին համապատասխանելու համար»,– մանրամասնեց Թորոսյանը։
Սակայն նոր ծրագրով կառավարությունը չի նախատեսում շարունակել մարզերում բնակարան ձեռք բերելու համար նախատեսված առանձին աջակցության բաղադրիչը։
Թորոսյանի խոսքով՝ գործող ծրագրից առավել հաճախ օգտվել են Կոտայքի մարզի, մասնավորապես՝ Երևանին մոտ համայնքների բնակիչները, մինչդեռ հեռավոր մարզերում այն լայն տարածում չի ստացել։
«Պարզվել է, որ այս ծրագրից մեր քաղաքացիներն ամենաշատն օգտվել են Կոտայքի մարզում՝ երևանամերձ համայնքներում, և սա չի բերել ապակենտրոնացման. այսինքն՝ ավելի հեռու մարզերում, որտեղ, ի դեպ, ավելի մատչելի կլիներ տուն ձեռք բերելն ու կառուցելը, նման ժողովրդականություն չի եղել»,– ասաց նախարարը։
Թորոսյանը հավելեց, որ նոր ծրագիրը նախատեսվում է կիրառել Հայաստանի բոլոր համայնքներում՝ առանց առանձին մարզային բաղադրիչի։ Նախարարությունը նախատեսում է հրապարակային քննարկումներից հետո վերջնականացնել նախագիծը և մինչև 2026 թվականի ավարտն ընդունել այն, որպեսզի գործող ծրագրի ավարտից հետո աջակցությունը շարունակվի։










