Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել


Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
Սեպտեմբեր 30 11:50 2026

Դուբայից Թել Ավիվ թռչող առևտրային ինքնաթիռը քիչ առաջ արտակարգ իրավիճակի ազդանշան է փոխանցել Սաուդյան Արաբիայի օդային տարածքի վրայով շրջադարձ կատարելու ընթացքում, գրում է The Times of Israel-ը։ Թռիչքների հետագծմանը հետևող տվյալների համաձայն՝ FlyDubai-ի ինքնաթիռը սկզբում փոխանցել է 7700 «squawk» կոդը, որը միջազգային արտակարգ իրավիճակի ազդանշան է։ Դրանից կարճ ժամանակ անց այն փոխանցել է 7500 կոդը, որը նշանակում է ինքնաթիռի առևանգում կամ անօրինական միջամտություն։ Անվտանգության աղբյուրների համաձայն՝ օդ են բարձրացվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչներ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարարն արտակարգ խորհրդակցություններ են անցկացնում։ Հաղորդվում է, որ օդանավում շուրջ 180 ուղևոր կա։ Լրատվամիջոցը հաղորդում է նաև, որ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող FlyDubai-ի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուկ քաղաքի օդանավակայանում։ Իսրայելական անվտանգության ծառայությունների տվյալներով՝ միջադեպը, որի պատճառով անձնակազմը հայտնել է «անօրինական միջամտության» և ընդհանուր բնույթի արտակարգ իրավիճակի մասին, ըստ երևույթին, պայմանավորված է եղել օդաչուների միջև տեղի ունեցած վեճով։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։ Factor.am-ը Flight Radar-ի միջոցով փորձել է հետևել ինքնաթիռի տեղաշարժին, սակայն դա հնարավոր չի եղել անել, այն այժմ բացակայում է ռադարներից։