Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը


Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը
Սեպտեմբեր 5 13:42 2026

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, առանձնակի խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոյեմբերյանի բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 39-ամյա Աիդա Բ.-ն և հայտնել, որ իր տանից գողություն է տեղի ունեցել։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աիդա Բ.-ն ոստիկաններին հայտնել է, որ իր տան բաց պատուհանից անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել տուն, տակնուվրա արել սենյակները և գողացել խոշոր չափի գումար և ոսկեղեն։ 

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը մուտք են գործել Աիդա Բ․-ի երկհարկանի առանձնատան հյուրասենյակի պատուհանից, ապա առաջին հարկում գտնվող ննջասենյակի զգեստապահարանից հափշտակել են 12 հազար ԱՄՆ դոլար, 1 միլիոն 100 հազար ՀՀ դրամ և ոսկեղեն։

 

Իսկ տուժած Աիդա Բ.-ն աշխատում է ՀՀ Էկոպարեկային ծառայության Նոյեմբերյանի տեղամասում՝ որպես ավագ էկոպարեկ։